02.02.2017   ՁՆԱՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ

 

            Գրեթե մեկամսյա <<ընդմիջումից>> հետո, վերջին օրերին տեղացած ձյունն անակնկալ էր ստեփանակերտցիների համար: Եվ, որպեսզի անվտանգ երթևեկության համար խնդիրներ չծագեն, ձնամաքրմանն համեստ տեխնիկայով առաջինն են ձեռնամուխ եղել <<Սանմաքրում>> ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցները: Հերթական փորձությունը հաղթահարելու համար լրացուցիչ ջանքեր են պահանջվել:

Նրանց էին միացել նաև քաղաքապետարանի <<Բնակարանային շահագործման տնտեսություն>>,  Ակադեմիկոս Թախթաջյանի անվան <<Ստեփանակերտի բուսաբանական այգի>>, ինչպես նաև <<Ջրմուղ կոյուղի>> փակ բաժնետիրական ընկերությունների աշխատակիցները` փորձելով հնարավորության սահմաններում ձյան շերտերից  մաքրել փողոցներն ու մայթերը, բազմաբնակարան շենքերի բակերն ու աստիճանները /սանդուղքները/: Ու, քանի որ տեղումները շարունակվում էին և հաջորդ օրվա ընթացքում` դժվարություններ ստեղծելով բնակչության, կենսաապահովման, մասնավորապես տրանսպորտային երթևեկության անխափան շարժը քաղաքում ապահովելու համար, քաղաքապետարանը, ելնելով իրավիճակի շտկման անհրաժեշտությունից, ձնամաքրման աշխատանքներին ներգրավեց նաև մասնավոր տնտեսություններին` մի քանի միավոր տեխնիկայի ընդգրկմամբ:

Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի խոսքով, ով համակարգում է իրականացվող աշխատանքները, գործընթացը մայրաքաղաքում շարունակվում է: Պարբերաբար անհրաժեշտ քանակությամբ աղ և ավազ է ցանվում փողոցներում ու մայթերում, ծառերն ու թփերն ազատվում են ձյան շերտերից:

Փոխքաղաքապետի կարծիքով, ժամանակակից ձնահավաք տեխնիկայի ձեռքբերումը, որի կարիքը վաղուց է զգացվում, անշուշտ, կնպաստեր խնդրի արդյունավետ լուծմանը և հեշտությամբ կհաղթահարվեին դժվարությունները: Միևնույն ժամանակ նա ակնկալում է, քաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների ու տնտեսվարող սուբյեկտների, ուսումնական հաստատությունների աջակցությունը: <<Սա այն պահն է, որ անհրաժեշտ է համատեղել ուժերը և ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքներին, անկախ սեփականության ձևից, պարտավոր են մասնակցել բոլոր կառույցները>>,- ասում է նա:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն