18.01.2017 ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՆՈՐՔ ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ
Ավանդական կապերը Երևանի վարչական շրջանների և Ստեփանակերտի քաղաքապետարանի միջև հետզհետե ամրապնդվում, առավել գործնական բնույթ են ստանում: Կողմերի սերտ համագործակցության ևս մեկ վառ օրինակ կարելի է դիտարկել Նորք Մարաշ վարչական շրջանի և Ստեփանակերտի պատվիրակությունների հաճախակի փոխայցելությունները, որոնք նպաստում են համատեղ նոր ծրագրերի և մտահղացումների իրագործմանը: Հունվարի 18-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հյուրընկալել էր Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանին և նրան ուղեկցող անձանց: Ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում կայացած հանդիպմանը, Ս.Գրիգորյանը ողջունել է նրանց հերթական այցը և համոզմունք հայտնել, որ ավանդական դարձած բարեկամությունն ավելի կընդլայնի իր շրջանակները և նոր տարում գործընկերներին մաղթել է նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Իր հերթին Վ.Մկրտչյանը պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմին հղել իր բարեմաղթանքները: Նա պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս անձնական ակտիվություն դրսևորել և ամրապնդել գործընկերային հարաբերությունները, բոլոր ուղղություններով նպաստել փոխգործակցությանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև առաջին փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն |
< Վերադառնալ |