10.01.2017 ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ
Ամանորյա տոներից հետո, հունվարի 10-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Նոր տարվա առաջնահերթությունները ճշգրտելու և հստակեցնելու նպատակով, քաղաքապետարանի պատասխանատուների ու նրա ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների և ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ` ընդլայնված խորհրդակցություն էր հրավիրել: Քաղաքապետն, ըստ ուղղությունների և ոլորտների, կարևորեց 2016թ. հաշվետվությունների ներկայացման անհրաժեշտությունը, որտեղ պետք է արտացոլվեն համապատասխան բաժինների և կառույցների աշխատանքային գործունեության արդյունքները, ինչպես նաև նախանշվեն նոր տարվա անելիքները: Նա ներկաների ուշադրությունն առանձնապես հրավիրեց գերակա այն խնդիրների վրա, որոնց լուծումը կենսաապահովման տեսանկյունից էական նշանակություն կարող է ունենալ մայրաքաղաքի համար: Խորհրդակցությունում Ս.Գրիգորյանն անդրադարձավ նաև կապիտալ շինարարության մասով 2017-ին նախատեսվող ծրագրերին և խնդիրներին` ընդգծելով առաջնահերթությունները: Նա շեշտեց, թե մայրաքաղաքի սոցիալ-տնտեսական զարգացմանը միտված ծրագրերում առանձնահատուկ տեղ է հատկացվելու բնակարանաշինությանը, ենթակառուցվածքների բարելավմանը, փողոցների, բազմաբնակարան շենքերի բակերի և տանիքների վերանորոգմանն ու բարեկարգմանը, հասարակական և առողջապահական օբյեկտների շինարարությանը, քաղաքի ճարտարապետական տեսքի բարելավմանը: Քաղաքապետը, հաշվի առնելով ոլորտային ծրագրերի առանձնահատկությունները, համապատասխան բաժինների և ծառայությունների ղեկավարներին հանձնարարեց կոնկրետ առաջարկություններ ներկայացնել` հիմնավորելով համայնքային նշանակության հարցերը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |