19.12.2016 ՎԱՌՎԵՑԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԸ
ՏՈՆԱԿԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼ Է ՆԱԵՎ ԵՐԵՎԱՆԸ
Դեկտեմբերի 17-ին մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում հանդիսավորությամբ վառելով հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը, որն, ի դեպ, նվիրատվություն է, Ձմեռ պապը տոնական հաճելի տրամադրություն է մաղթել փոքրիկներին, բոլոր ստեփանակերտցիներին: Չնայած ցրտաշունչ օրվան, մանուկներին ընկերակցել էին նաև պապիկներն ու տատիկները: Մարդաշատ հրապարակում` տոնածառի շուրջ մշակույթի քաղաքային տան գեղարվեստական խմբերը հանդես են եկել համերգային հագեցած ծրագրով: Հորդաբուխ հնչել են երեխաների ուրախ երգերն ու պարերը, որոնք ուղեկցվել են Ամանորի ջերմ մաղթանքներով: Տոնահանդեսին մասնակցել են նաև <<Ձմեռային հեքիաթի>> հայտնի հերոսները: Արցախի մայրաքաղաքը դեռ դեկտեմբերի սկզբներից է նախապատրաստվում Ամանորին: Ստեփանակերտի հրապարակում, պուրակներում և փողոցներում, պետական հաստատություններում, հասարակական վայրերում արդեն ավարտի են մոտենում տոնական ձևավորման ու զարդարման, լուսային գունեղ շղարշների և խորհրդանշական հնչեղ գուներանգներով պաստառների տեղադրման աշխատանքները, որոնք համակարգվում են քաղաքապետարանի տոնական միջոցառումների կազմակերպման ու անցկացման հանձնաժողովի կողմից: Այդ գործընթացին ակտիվորեն ներգրավվել են քաղաքապետարանի բնակարանային, կոմունալ տնտեսության ու բնապահպանության, զարգացման ծրագրերի, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժինների, <<Բնակշահագործման տնտեսություն>>, <<Սանմաքրում>>, կազմակերպությունների, <<Արցախէներգո>> ընկերության Ստեփանակերտի մասնաճյուղի, հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ըստ հանձնաժողովի նախագահ, փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի, Վերածննդի հրապարակում տեղադրված երկրի գլխավոր տոնածառից բացի, որի բարձրությունը 16 մետրի է հասնում, քաղաքի տարբեր վայրերում, թաղամասերում ևս տեղ կգտնեն Ամանորի տոնածառեր: Ընդորում, դրանց մեծ մասը պուրակներում աճեցված կենդանի եղևնիներ են, որոնք զարդարվելով լուսային էֆեկտներով, կշարժեն ոչ միայն փոքրիկների, այլև մեծերի հետաքրքրությունը: Հատկանշական է, որ դեկտեմբերի 27-29-ն ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում նախադպրոցական երեխաների համար կկազմակերպվեն Ամանորի տոնական միջոցառումներ ու քաղաքապետարանի կողմից նրանց նվերներ լբաժանվեն: Ինչպես ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Ա.Հակոբյանը, նախորդ տարիների օրինակով, այս անգամ ևս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Ստեփանակերտի ամանորյա ձևավորմանն իրենց մասնակցությունն են բերել <<Երքաղլույս>> ընկերության մասնագետները, որոնց շնորհիվ մայրաքաղաքի մուտքը, <<Ազատության հրապարակը>>, Շահումյանի անվան պուրակը, կենտրոնական փողոցներն ու որոշ թաղամասեր լուսային հարմարանքներով գունազարդվել, տոնական հաճելի տեսք են ստացել: Հավելենք, որ երկրի գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսություններին ներկա է գտնվել նաև քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |