08.12.2016   ԽՆԿԱՐԿՈՒՄ` ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՎԵՐՔԵՐԸ ԴԺՎԱՐ ԵՆ ՍՊԻԱՆՈՒՄ

1988-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժը, որպես ողբերգական տարեթիվ, մղձավանջային օրից դաջվել է մեր ժողովրդի հիշողության մեջ և զգոն, մշտարթուն է պահում  կորստի ցավը:

Ամբողջ մոլորակն էր ցնցված աղետալի ողբերգությունից: Դժբախտության մեջ հայտված ժողովրդին օգնության ձեռք մեկնեցին բազմաթիվ երկրներ: Միլիոնավոր աջակիցների թվում, երկրաշարժից տուժած մեր քույրերի ու եղբայրների անողոք ճակատագրի նկատմամբ չէր կարող անտարբեր մնալ նաև ազատագրական պայքարի շեմին նոր ոտք դրած Արցախը, որին ազերիների կողմից սպառնում էր շրջափակումը: Ծանր լուրն առնելուն պես աղետի գոտի շտապեցին նոր կազմավորված փրկարարական ջոկատները: Մենք ընկճվելու, հուսահատվելու իրավունք չունեինք ու պիտի ազգովի համախմբվեինք, ուժ գտնեինք մեր մեջ ու դիմադրեինք հերթական փորձությանը: Ու հայ ժողովուրդը զորեղ կամքի և հավատքի ուժով տոկաց ու հաղթեց չար ճակատագրին: Մոխիրներից կրկին խառնեցին մայր Հայաստանի հյուսիսային դարպասի քաղաքներն ու գյուղերը, վերածնվեցին ավերված բնակավայրերը:

28 տարի է անցել Սպիտակի ավերիչ երկրաշարժից, սակայն վիշտն ու ցավն անթողվել են մեր սրտերում և վերքերը դժվար են սպիանում:

Դեկտեմբերի 7-ին Արցախի ժողովուրդը համայն հայության հետ նույնպես իր խոնարհումն է  բերել երկրաշարժի զոհերի հիշատակին: Վաղ առավոտից Ստեփանակերտի հուշահամալիր  տանող մարդկանց հոսքը չէր դադարում: Այստեղ էին շտապում պետական կառույցների, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, ՊԲ ներկայացուցիչներ, աշխատանքային կոլեկտիվներ, դասախոսներ և ուսուցիչներ, ուսանողներ, աշակերտներ: Ծաղիկներ ու ծաղկեպսակներ են տեղադրվում երկրի ու քաղաքային իշխանությունների, գերատեսչությունների, պաշտպանության բանակի  հրամանատարության, տարբեր կառույցների անունից:

Ժամը 11-ին հուշահամալիր են այցելում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ՊԲ գեներալներ ու բարձրաստիճան սպաներ: Այստեղ է նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, քաղաքապետարանի աշխատակազմը: Նրանք հարգանքի տուրք են մատուցում նահատակներին և ծաղիկներ դնում երկրաշարժի զոհերի հիշատակը ողբացող Արցախի <<Մեծ մոր>>  խորհրդանշական հուշարձանին:

Արցախի հոգևոր  թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապատությամբ կատարվեց  հոգեհանգստյան կարգ:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն