23.09.2016 ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆՈՐՔ-ՄԱՐԱՇԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Սեպտեմբերի 23-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ընդունել է քաղաքի օրվա կապակցությամբ տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Ստեփանակերտ ժամանած Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի պատվիրակությանը` Վաղինակ Մկրտչյանի գլխավորությամբ: Քաղաքապետը ողջունել է հյուրերին, ի սրտե շնորհավորել նրանց Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ, հավելելով. <<Բարով եք եկել` տոնական միջոցառումներին մասնակցելու և մեր ուրախությունը կիսելու>>: Ս.Գրիգորյանը գոհունակություն է հայտնել կողմերի միջև ամենատարբեր ուղղություններում հետզհետե խորացող համագործակցության և սերտ կապերի համար` նշանակալի ձեռքբերումներում ընդգծելով նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անձնական ներդրումը: Ս.Գրիգորյանը մասնավորապես կարևորել է կրթական համակարգի կողմից Ստեփանակերտի հանրակրթական դպրոցներին և նախադպրոցական հիմնարկներին ցուցաբերվող աջակցությունը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանը նույնպես արգասաբեր համարեց վերջին տարիներին հաստատված հարաբերությունները, որոնք փոխշփումների և փոխայցելությունների արդյունքում ավելի են ամրապնդվում, ծնունդ են առնում նոր մտահղացումներ ու ծրագրեր: Վերջում գործընկերները խորհրդանշական հուշանվերներ են փոխանակել:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |