14.09.2016 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ
Սեպտեմբերի 14-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը: Քաղաքային համայնքի ավագանին, շինարարության ծրագրի առաջացած պարտքերը մարելու նպատակով, փոփոխություններ կատարեց 2016թ. հունվարի 21-ի որոշման մեջ` շենքերի և շինությունների կառուցման համար նախատեսված ֆինանսական միջոցներից վերաբաշխում կատարելով շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման ու պահպանման հոդվածին: Մեկ այլ որոշմամբ ավագանին իր համաձայնությունը տվեց մայրաքաղաքի Մ.Մկրտչյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող 1003.0 քառ.մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի կարգով օտարելուն: Նիստում որոշում կայացվեց նաև Ստեփանակերտի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող 44.74 քառ.մետր ընդհանուր մակերեսով` Հեքիմյան 3բ/112 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքն ուղղակի վաճառքի ձևով օտարելու վերաբերյալ: Ավագանին հավանության արժանացրեց համայնքի սեփականությունը հանդիսացող Իսակովի փողոցի թիվ 2ա շենքի թիվ 42 բնակարանը նվիրատվության կարգով օտարելու մասին որոշումը: Նիստում քաղաքային համայնքի ավագանու անդամների կողմից բարձրացվեցին քաղաքի ենթակառուցվածքների բարելավմանը և բնակչության կենսաապահովմանն առնչվող մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ պարզաբանումներով հանդես եկավ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |