05.09.2016   ՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Ինքնիշխան պետության հռչակումը կանխորոշված էր

 

Տոնական հանդերձանքի մեջ է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Ժողովուրդն աշխարհի համայն հայության հետ հանդիսավորությամբ նշում է հանրապետության հռչակման 25-րդ հոբելյանական տարին: Պատմական մի իրադարձություն, որի սկիզբը դրվեց Լեռնային Ղարաբաղի և Շահումյանի շրջանի բնակչության պահանջով 1991-ի սեպտեմբերի 2-ին հրավիրված պատգամավորների համատեղ նստաշրջանում: Ներկաների համոզմամբ, ինքնիշխան պետության հռչակումը կանխորոշված էր, միանգամայն արդարացված և, ուժերի համախմբումն ու միասնության ամրապնդումը` հակառակորդի դեմ պայքարում, արցախահայությանը փրկեց հետագա զանգվածային տեղահանումից և բնաջնջումից` ամրագրելով ազատ ապրելու և արարելու իրավունքը: Անցնելով մեծ փորձությունների միջով, ժամանակը ապացուցեց, որ նման որոշման կայացումը անխուսափելի էր:

25 տարի Արցախի ժողովուրդը շարունակում է կառուցել ինքնիշխան ու ժողովրդավարական պետություն: Կառուցում է սեփական ջանքերով, հայրենի հողի վրա, օր օրի շենացնելով երկիրը և անառիկ պահելով սահմանները: Անցած տարիները եղան ինչպես դժվարությունների հաղթահարման, այնպես էլ ձեռքբերումների, արարման տարիներ, ինչը հնարավոր դարձավ հայության հավաքական ուժի և միասնության շնորհիվ:

Սեպտեմբերի 2-ին ոգևորության, փոխադարձ շնորհավորանքների պակաս չէր զգացվում մայրաքաղաքի մարդաշատ փողոցներում: Վաղ առավոտից այստեղ տոնական տրամադրություն էին ապահովել ՊԲ զինվորական շարասյունները, որ անցնում էին խրոխտ քայլերով, հայրենաշունչ երգերով: Չէր դադարում դեպի Ստեփանակերտի հուշահամալիր տանող մարդկանց հոսքը, ուր նրանք` մեծ ու փոքրով խոնարկվելու և ծաղիկներ տեղադրելու էին շտապում:

Խորհրդանշական է, որ հանրապետության հռչակման տոնակատարություններին մասնակցելու և արցախահայության ուրախությունը կիսելու համար Ստեփանակերտ էր ժամանել ՀՀ կառավարական պատվիրակությունը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխժավորությամբ: Պատվիրակության կազմում էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով ներկա է գտնվել նաև ԼՂՀ նախագահի նստավայրում` տոնի առթիվ պարգևատրման արարողությանը, մշակութային  և մարզական միջոցառումներին:

Ժամը 11-ին ՀՀ և ԼՂՀ կառավարական պատվիրակությունները` նախագահներ Ս.Սարգսյանի և Բ.Սահակյանի գլխավորությամբ Վերածննդի հրապարակից, որը Արցախի նորագույն պատմության մեջ հայտնի է որպես իր ազատության և իրավունքների համար պայքարող ժողովրդի գլխավոր հավաքատեղի, որտեղ սկզբնավորվել են ազատագրական շարժման հետ կապված գրեթե բոլոր ձեռքբերումները, քայլերթով ուղևորվում են Հուշահամալիր: Նրանց են միանում ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ՊԲ բարձրաստիճան սպաներ, արցախյան շարժման ակտիվիստներ, պատերազմի վետերաններ, արտերկրից ժամանած բազմաթիվ հյուրեր, քաղաքական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այստեղ են նաև ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչպետ Արայիկ Հարությունյանը, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Հայկական երկու պետությունների ղեկավարների կողմից ծաղկեպսակներ են տեղադրվում: Ծաղիկներ են խոնարհվում նաև Ազգային Ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի, Արցախի անկախության և ազատության համար նահատակված ազատամարտիկների շիրիմներին, խնկարկվում նրանց հիշատակը: Հուշահամալիրում` հարգանքի տուրք մատուցեցին նաև Ստեփանակերտի և Երևանի քաղաքապետներ Սուրեն Գրիգորյանն ու Տարոն Մարգարյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն