05.08.2016   ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿ` ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը շնորհակալական նամակ է հղել իր գործընկերոջը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ուր մասնավորապես ասվում է.

<<Հարգարժան Տարոն Անդրանիկի.  թույլ տվեք քաղաքապետարանի ողջ անձնակազմի, ստեփանակերտցիների և իմ անունից շնորհակալություն հայտնել Ձեզ` Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում <<Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016>> փառատոնի ձեռնարկման, ինչպես նաև միջոցառման հաջող կազմակերպմանն անձնապես նպաստելու համար: Փառատոնն ապացուցեց, որ մշակույթի և տուրիզմի ոլորտներում նույնպես համագործակցությունն ընդլայնելու  և խորացնելու մեծ ներուժ ունենք և գործընկերային սերտ, անկաշկանդ հարաբերությունները նոր որակ և ցանկալի արդյունք  կարող են հաղորդել մեր աշխատանքներին, ավելի մերձեցնել Երևանն ու Ստեփանակերտը:

Օգտվելով առիթից, միաժամանակ  խնդրում եմ իմ գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնել փառատոնի բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին` այն բարձր մակարդակով անցկացնելու և ժողովրդական տոնախմբության վերածելու համար>>:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն