05.08.2016   ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԶՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Նման միջոցառումներն ավելի են կամրջում Հայաստանն ու Արցախը

Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև սկիզբ առած համագործակցությունը շարունակում է  ընդլայնել իր շրջանակները` ներառելով նոր ուղղություններ, ուշագրավ նոր ծրագրեր:

Օգոստոսի 4-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած <<Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016>> փառատոնը (առաջին անգամ այն կայացել է Երևանի Հյուսիսային պողոտայում), որի մասնակիցների թիվը շուրջ 200-ի է հասնում` ավելի քան երեք տասնյակ տոնավաճառ ցուցահանդեսների ընդգրկմամբ, մշակույթի և զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությունը խորացնելու, համանուն կառույցների միջև կապերն առավել սերտացնելու ևս մեկ առիթ էր: Իսկ միջոցառումն Արցախում կազմակերպելու գաղափարը ծնունդ էր` Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակության` վերջերս Ստեփանակերտ կատարած այցի:ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ կայացած հանդիպմանը Տարոն Մարգարյանը հանձն առավ <<փառատոնը Երևանից տեղափոխել Արցախի Մայրաքաղաք>> և նպաստել հոգևոր, մշակութային կյանքի աշխուժացմանը:Ու նա իր խոսքի տերը եղավ:

 <<Երևան ՏԱՐԱԶֆեստ>> փառատոնի հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Երևանից. արտերկրից: Վերածննդի հրապարակը թնդում է  բազմահազար այցելուների հետաքրքրությունից, ովքեր հավաքվել էին հաղորդակցվելու երևանյան շուրջ մեկ տասնյակ և արցախյան թվով 6 տաղավարներում ցուցադրվող արվեստի հարուստ նմուշների, հին և նոր հավաքածուների  հետ, ընկալելու և վայելելու հայկական ազգային տարազների, կենցաղային իրերի, կարպետների և գորգերի, ասեղնագործ և փայտագործ վարպետների, բրուտագործների և արծաթագործների նրբահյուս աշխատանքների հմայքը:

Ողջունելով ներկաներին, Ստեփանակերտի առաջին փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը և Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը  (փառատոնի հակարգող), համոզմունք հայտնեցին, որ փառատոնը  նոր լիցքեր կհաղորդի հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների միջև համագործակցության զարգացմանը, ծնունդ կառնեն նոր մտահղացումներ և ձևավորված ավանդույթներն ավելի կկամրջեն Արցախն ու Հայաստանը:

Միջոցառումն ուղեկցվում էր Հայաստանի և Արցախի գեղարվեստական կոլեկտիվների և համույթների ելույթներով:

Հավելենք, որ օր առաջ Ստեփանակերտի քաղաքապետ  Սուրեն Գրիգորյանը հյուրընկալել էր փառատոնի կազմակերպիչներին:

 

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն