07.05.2016 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Թանկագին ստեփանակերտցիներ Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայիսյան եռատոնի` Մեծ հաղթանակի, Շուշիի ազատագրման ու պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի կապակցությամբ: Մայիսը մեր ժողովրդի պատմության մեջ հայտնի է որպես նվաճումների և հաղթանակների ամիս: 451-ի մայիսին էր, երբ զորավար Վարդան Մամիկոնյանի գլխավորած զորագունդը Ավարայրի դաշտում սկիզբը դրեց այն հերոսամարտի, որի շղթան դարերի միջով ձգվեց մինչև Սարդարապատ, հասավ Բեռլին և Շուշի` ոգեշնչելով հայրենասերների նորանոր սերունդների: Ավագ սերնդի անցած ճանապարհը միշտե էլ ուղեցույց է հանդիսացել երիտասարդների համար, ոգեշնչել ու մղել նորանոր արարումների: Այդ առումով հետաքրքիր խորհուրդ է իր մեր պարունակում Հայրենական մեծ պատերազմի մասնակից արցախցիների հերոսական սխրանքը, որը 1945-ի մայիսի 9-ին ամրագրվեց խորհրդային երկրի ժողովուրդների տարած փառահեղ հաղթանակով: Տարիներ անց սերտելով պապերից ու հայրերից ժառանգած դասերը, նրանց զավակները պատվով քննություն բռնեցին արցախյան գոյամարտի տարիներին` փառքով պսակելով իրենց անունները: 1992-ի մայիսի 9-ին ազատագրելով Շուշին, մեր պաշտպանական ուժերը հետագա հաղթանակների սկիզբը դրեցին` հերոսական մի նոր էջ ավելացնելով արցախյան ազատամարտի տարեգրության մեջ: Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա ինչպես Մեծ հայրենականի, այնպես էլ արցախյան պատերազմի մասնակիցների ծանրակշիռ ավանդը, ինչն ուսանելի դաս է սերունդների համար: Մեր հիշողությունից չեն ջնջվում մղձավանջային այն ծանր օրերը, երբ Ստեփանակերտը գիշեր-ցերեկ ռմբահարվում, հրետակոծվում էր թշնամու կողմից և բնակչության շրջանում շարունակ աճում էր զոհերի թիվը, սակայն ոչ ոք չէր մտածում մայրաքաղաքը լքելու մասին: Բոլորս մեկ մարդու պես համախմբվել, բռունցքվել էինք, հայացքներս ուղղել դեպի հայոց հինավուրց Շուշի, ու միմիայն մտածում էինք ռազմագործողության հաջող ավարտի, բերդաքաղաքի ազատագրման և ազատամարտիկների անփորձանք վերադարձի մասին: Ու, երևի թե մեր միասնության, զորեղ կամքի և անսասան ոգու շնորհիվ էր, որ հաղթեցինք և Շուշին վերածնվեց ու վերստին դարձավ հայկական: Ստեփանակերտցիներից յուրաքանչյուրը, մեծ ու փոքրով, իր արժանի ներդրումն ունեցավ բաղձալի հաղթանակի նվաճման գործում: Հետագա ավերածություններից վերջապես փրկվեց մայրաքաղաքը: Հայաստանի, աշխարհի համայն հայության զորակցությամբ աստիճանաբար հաղթահարեցինք դժվարությունները և այսօր հպարտորեն, վերակառուցված ու բարեկարգ տեսքով է այն ներկայանում աշխարհի տարբեր ծայրերից Արցախ ժամանող մեր հայրենակիցներին և հյուրերին: Ակնհայտ է, որ մեր ժողովուրդը միմիայն խաղաղություն և կայունություն է ցանկանում, ակնկալում ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական, արդար ու վերջնական լուծում: Ցավոք, ադրբեջանական կողմը շարունակ խախտում է հրադադարի ռեժիմը, լարվածություն ստեղծում տարածաշրջանում, վտանգում մեր հայորդիների արյամբ ձեռք բերված փխրուն խաղաղությունը: Այդ առումով աննախադեպ էր հակառակորդի կողմից ապրիլի 2-5-ը` ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծի երկայնքով ծավալված ագրեսիան, որը տասնյակ հայ զինվորների կյանք խլեց: Հրետակոծվեցին հայկական բնակավայրերը ու նորից զոհեր եղան խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում` կանայք, ծերեր, երեխաներ: Մեր ստորաբաժանումներն անցնելով հակագրոհի, կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի մեծ կորուստներ հասցրին թշնամուն, ետ շպրտելով ելման դիրքեր: Հայաստանից բազմաթիվ կամավորական ջոկատներ մեկնեցին մարտական դիրքեր ու կանգնեցին երիտասարդ զինվորի կողքին` ոգեշնչելով ու նորանոր սխրանքների մղելով նրան: Ամբողջ Սփյուռքն արձագանքեց ու իր աջակցությունը հայտնեց արցախցիներին: Ինչպես արցախյան պատերազմի տարիներին էր, այս անգամ ևս հայ ժողովուրդը համախմբվեց մեկ ընդհանուր նպատակի շուրջ` աշխարհին ապացուցելով իր միասնությունն ու ոգու ուժը: Սիրելի ստեփանակերտցիներ: Վերստին շնորհավորում եմ Ձեզ Մայիսյան եռատոնի առթիվ, մաղթում քաջառողջություն ու երջանկություն, խաղաղություն: Թող աշխատանքում և անձնական կյանքում բոլորիս ուղեկցեն հաջողություններն ու հաղթանակները:
|
< Վերադառնալ |