15.04.2016 ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻՆ ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ԲԵՐԵԼ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
ԼՂՀ ֆինանսների նախարարության հասցեով` ամենատարբեր խողովակներով շարունակվում է Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը` հիմնարկություններից, պետական կառույցներից, աշխատանքային կոլեկտիվներից ու առանձին անձանց կողմից: Հայրենասիրական այդ ձեռնարկմանն իրենց մասնակցությունն են բերում պետական այրեր ու բարերարներ` ինչպես Հայաստանից, այնպես էլ` Սփյուռքից: Իսկ հանգանակվող գումարը, ինչպես հայտնի է, բացառապես կօգտագործվի պաշտպանության բանակի կարիքների, առաջին հերթին` ժամանակակից սպառազինությունների ձեռքբերման նպատակով: Հանգանակության կազմակերպման գործում իր համեստ մասնաբաժինն ունի նաև Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմը: Կոլեկտիվն արդեն բացված հաշվեհամարին է փոխանցել ավելի քան 1մլն 535 հազար դրամ /գործընթացը շարունակվում է/: Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը խորհրդակցության ժամանակ աշխատակիցներին շնորհակալություն հայտնելով հայրենասիրական առաքելության համար, կոչ է արել չթուլացնել տեմպերն ու առավել ակտիվորեն ներգրավվել դրամահավաքին: Հատկանշական է, որ բարեգործական ձեռնարկմանն արձագանքել են նաև քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր հիմնարկությունների և կազմակերպությունների աշխատակիցները:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |