08.04.2016 ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽԻՆ
Ստեփանակերտ հասավ Երևանի քաղաքապետարանի օգնությունը
Պետական, հասարակական տասնյակ կառույցների ու կազմակերպությունների շարքում Երևանի քաղաքապետարանն առաջիններից մեկն է արձագանքել Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած Արցախի բնակավայրերին աջակցություն ցուցաբերելու կոչին` Ստեփանակերտ ուղարկելով ավելի քան 100 տոննա ամենատարբեր տեսակի մթերեղենով բեռնված ավտոշարասյունը: Հատկանշական է, որ ընդամենը ժամեր են պահանջվել մարդասիրական ձեռնարկումն իրագործելու և սննդամթերքը տեղ հասցնելու համար: Իսկ մտահղացումը ծնունդ է առել երկու գործընկերների` Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետներ Տարոն Մարգարյանի և Սուրեն Գրիգորյանի հերթական հեռախոսազրույցի ժամանակ: Տ.Մարգարյանը տեղեկանալով` թիկունքային և ինժեներական աշխատանքները պաշտպանության բանակի հետ համադրելու նպատակով կառավարությունում ստեղծված արագ արձագանքման օպերատիվ շտաբի գործունեությանը, որը գլխավորում է հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, ցանկություն է հայտնել Երևանի քաղաքապետարանի մասնակցությունը բերել ընդհանուր գործին: Ստեփանակերտի քաղաքապետը ողջունել է հայրենասիրական առաքելության ձեռնարկումը, միասին ճշգրտվել է առաջին անհրաժեշտության ապրանքների տեսականու ցանկը և ժամեր անց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ մեքենաների շարասյունը ժամանել է Արցախի մայրաքաղաք: Համագործակցության շրջանակներում բարձր գնահատելով երևանցի գործընկերոջ հերթական աջակցությունը և շնորհակալություն հայտնելով կազմակերպություններին, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշել է, որ ուղարկված սննդամթերքը /ալյուր, շաքարավազ, նպարեղեն, պահածոներ և այլն/ առաջին հերթին կուղարկվի սահմանամերձ այն բնակավայրերի բնակիչներին, ովքեր թշնամու հրետակոծության հետևանքով տարահանվել են և օգնության կարիք ունեն: Սակայն հաշվի առնելով, որ սահմանների անվտանգությունն առավել հուսալի և ապահով դարձնելու երիտասարդ զինվորների կողքին գտնվելու համար Արցախ են ժամանել կամավորականների մեծ խմբեր, հանրապետական շտաբում, հավանաբար, հաշվի կառնվի նաև այդ հանգամանքը: <<Բոլոր դեպքերում, օգնությունն անպայմանորեն հասցեատերերին կհասնի և դրանում որևէ կասկած չի կարող լինել: Այստեղ ես առանձնապես ուզում եմ կարևորել Արցախի, Հայաստանի և Սփյուռքի համայն հայության համախմբվածությունը, նրանց բռունցքվելը մեկ ընդհանուր նպատակի շուրջ: Այսպես է եղել արցախյան պատերազմի տարիներին: Ժողովրդի, զինվորի անպարտելի ոգին նույնն է մնացել և այսօր երբ վտանգվել է Հայրենիքը: Ու ես համոզված եմ, որ նման զորեղ կամքի տեր ժողովրդին հաղթել չի լինի և հակառակորդի հերթական սադրիչ ռազմագործողությունները դատապարտված են ձախողման>>, - ասել է Սուրեն Գրիգորյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |