05.03.2016   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

Սիրելի կանայք, մայրեր և քույրեր

Ուրախ եմ Ձեզ ողջունելու ավանդական տոնի` կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Տոն, որ զուգադիպում է գարնան զարթոնքի հետ, նվիրական զգացումներ արթնացնում մեր հոգում` յուրաքանչյուրիս համար այն դարձնելով առավել հոգեհարազատ ու խորհրդանշական: Պատահական չէ, որ մարտի 8-ը, որպես հիշարժան օր, ամրագրված է մեր տոնացույցում և խոր հարգանքով ենքվերաբերվում այդ իրադարձությանը:

Մեր հանրապետությունում, ուր կանայք հասարակության լիիրավ անդամ են և օգտվում են ԼՂՀ Սահմանադրությամբ սահմանված իրենց իրավունքներից, մեծ ներդրում ունեն պետականաշինության մեջ, տնտեսության ամենատարբեր ոլորտներում, և անգնահատելի է նրանց դերն անկախության կերտման, ժողովրդական արժեքների ամրապնդման գործում: Կանայք, նեցուկ կանգնելով տղամարդկանց, արժանապատվորեն կատարեցին հայրենասիրական ու քաղաքացիական իրենց պարտքը` պատերազմի դժնդակ տարիներին, երբ Արցախի ազատության և անկախության ճակատագիրն էր կանխորոշվում:

Այսօր ևս, սիրելի կանայք, շարունակում եք ակտիվորեն մասնակցել հայրենիքի շենացմանն ու բարգավաճմանը, նրա զորացմանը: Ձեզնից շատերը ներգրավված են օրենսդիր և գործադիր իշխանություններում,զբաղվում են գիտական, մանկավարժական արգասաբեր աշխատանքով ու հասարակական գործունեությամբ,արարում, արժեքներ են ստեղծում: Եվ պիտի խոստովանել, ինչպիսի պարտականություն էլ որ վստահվում է Ձեզ, կատարում եք պատվախնդրորեն, պատասխանատվության բարձր զգացումով:

Սիրելի կանայք

Ստեփանակերտի քաղաքապետարանի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ խորհրդանշական տոնի` մարտի 8-ի առթիվ և մաղթում երջանկություն, խաղաղություն ու ամենայն բարիք: