24.02.2016   ԿԱՅԱՑԱՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Արված առաջարկությունները կներկայացվեն պետական հանձնաժողով

 

Փետրվարի 24-ին Ստեփանակերտի քաղաքապետ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման և համակարգման քաղաքային հանձնաժողովի նախագահ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ տեղի ունեցավ հանձնաժողովի հերթական նիստը:

Կայացած բուռն քննարկումների արդյունքում ընդգծվեց հոբելյանի կապակցությամբ Ստեփանակերտում բարեկարգման, կանաչապատման և սանիտարական մաքրության կազմակերպման շաբաթօրյակների անցկացման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կընձեռնի տոնական պատշաճ տեսքի բերել մայրաքաղաքը: Իրականացվելիք ծրագրի շրջանակում կնորոգվեն հրապարակներն ու փողոցները, մայթերը, զբոսայգիները, գեղարվեստորեն կձևավորվեն կանաչ տարածքները, կկատարվի ծառերի և թփերի ծաղիկների առատ տունկ, կհիմնանորոգվեն մանկական խաղահրապարակները: Քաղաքապետ Ս.Գրիգորյանը ներկայացրեց մշակութային, կրթական և մարզական միջոցառումների այն լայն շրջանակը, որի համաձայն քաղաքում ծրագրվում են համերգներ, սպորտային մրցումներ, ինտելեկտուալ խաղեր, այցելություններ և այլն:

Ընդհանրացնելով նիստի աշխատանքները, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հանձնաժողովի անդամների կողմից արված առաջարկությունների շարքում մասնավորապես առանձնացրեց ԼՂՀ հռչակման վերաբերյալ համապատասխան տարբերանշանի /լոգոյի/, հուշամեդալի և խորհրդանշական կրծքանշանների, ԼՂՀ հռչակման 25-ամյակի առթիվ հոբելյանական գիրք-ալբոմի, թեմատիկ տեսաֆիլմերի պատրաստումը:

Քաղաքապետը հանձնաժողովի փոխնախագահներին հանձնարարեց ամփոփել քննարկումների արդյունքները և արված առաջարկությունները ներկայացնել պետական հանձնաժողովի` մարտի սկզբներին կայանալիք նիստին:

 

 

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն