18.02.2016 ԿԱՅԱՑԱՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ
Սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձը, ինչը նոր էջ բացեց երկրի տարեգրության պատմության մեջ: Տարին հոբելյանական է ու ենթադրվում է, որ անհրաժեշտ բոլոր քայլերը պիտի ձեռնարկվեն համաժողովրդական տոնը արժանապատվորեն նշելու համար: Երևույթի պատմական ու քաղաքական մեծ նշանակության մասին է վկայում ԼՂՀ նախագահի 2016թ. փետրվարի 9-ին ստորագրած <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության մասին>> հրամանագիրը, որի համաձայն ստեղծվել է տոնակատարության միջոցառումների կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողով: Ելնելով վերոհիշյալ հրամանագրի պահանջներից, տոնական /հոբելյանական/ միջոցառումների կազմակերպման և համակարգման նպատակով, ինչպես հայտնի է, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել և հաստատվել է քաղաքային հանձնաժողովի կազմը: Թե հիշարժան տոնի կապակցությամբ միջոցառումների ինչպիսի ծրագիր են առաջարկում ոլորտների պատասխանատուները, այդ մասին շահագրգիռ քննարկումներ ծավալվեցին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ փետրվարի 18-ին հրավիրված քաղաքային հանձնաժողովի անդրանիկ նիստում: Ներկաների ուշադրությունը հրավիրելով օրակարգում ներառված հարցերի վրա, քաղաքապետը նշեց, որ հանձնաժողովի անդամները մեծ պատասխանատվությամբ պիտի վերաբերվեն խնդրին և ձգտեն ուշագրավ առաջարկություններով հագեցնել հոբելյանական միջոցառումների ծրագիրը, փորձեն շուք հաղորդել տոնակատարությանը: Գաղտնիք չէ, որ տոնական միջոցառումների գլխավոր <<կենտրոնակայանը>> համարվում է մայրաքաղաքը, ուր մեծաթիվ պատվավոր հյուրեր են ժամանելու արտերկրից: Եվ <<Ստեփանակերտը բնականաբար, որպես Արցախի այցեքարտ, պիտի ընկալելի լինի բոլորի համար>>, ինչպես տոնական զարդարման, այնպես էլ բարեկարգման և սանիտարական պատշաճ մաքրության տեսանկյունից: Հանձնաժողովի անդամների կողմից նիստում մի շարք արժեքավոր առաջարկություններ արվեցին տոնական միջոցառումների հստակեցման վերաբերյալ: Իր նկատառումները հայտնելով քննարկվող հարցի շուրջ, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել ներկաներին: Հանձնաժողովի հերթական նիստը կկայանա փետրվարի 24-ին:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |