19.10.2015   ԾՆՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԶԻՆՎՈՐ ՏՂԱՆԵՐԻՆ

        Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ երևանաբնակ ծնողների այցը` պաշտպանության բանակում ծառայող իրենց զավակներին, գեղեցիկ ավանդույթ է  դարձել և <<ներկայացուցչական>> կազմը շարունակում է ավելի ընդլայնվել:

 

    Հոկտեմբերի 17-ին Երևանից Ստեփանակերտ ժամանած պատվիրակության կազմում, որը գլխավորում էր <<Երքաղլույս>> ընկերության տնօրեն Վարդան Գաբրիելյանը, ծնողներից բացի ընդգրկվել էին ինչպես Երևանի քաղաքապետարանի, այնպես  էլ Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուներ: Հյուրերին աղուհացով էր դիմավորել ՊԲ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի անձնակազմը: Ավանդույթի համաձայն, միջոցառումը մեկնարկել է սպարապետի հուշարձանին` ծաղիկների տեղադրմամբ:

      ԼՂՀ պաշտպանության բանակի սպա, գնդապետ Նորիկ Մկրտչյանը ջերմորեն ողջունում է իրենց որդիներին այցելած ծնողներին` ընդգծելով, որ նման հանդիպումները նպաստում են բանակ-հասարակություն կապի սերտացմանը, զինծառայողների ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Ելույթներ են ունենում ծնողները,  Երևանի Կենտրոն վարչական շրջանի ներկայացուցիչները: Ապա օրինակելի ծառայության համար հանդիսավորությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալագրեր և հուշանվերներ են հանձնվում զորամասի մի խումբ  զինվորների:

     Հիշարժան օրվա հետ կապված` զորամասի զինծառայողների առօրյան անցավ <<ազատ ռեժիմով>>: Երևանից ժամանած ծնողներն ազատ հաղորդակցվեցին իրենց զավակների հետ, ծանոթացան նրանց կենցաղի պայմաններին, միասին ճաշեցին: Հանդիպումը եզրափակվեց Ստեփանակերտի մշակույթի տան գեղարվեստական կոլեկտիվի կողմից պատրաստված համերգով: Հնչեցին հայրենասիրական խրոխտ երգեր, շուրջպար էին բռնել ծնողներն ու զինվորներ որդիները:

     Միջոցառմանը ներկա էին Ստեփանակերտի փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանն ու Արմեն Հակոբյանը:

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն