02.10.2015   ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հյուրընկալվել է Ավան վարչական շրջանի պատվիրակությունը

 

Երևանի և Ստեփանակերտի միջև հաստատված սերտ բարեկամությունը վաղուց է ընդլայնել իր շրջանակները, և համագործակցությունն հետզհետե խորանում է ոչ միայն հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների, այլ նաև Երևանի ու Արցախի վարչական շրջանների միջև: Առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ ԼՂՀ այցելող հիշյալ պատվիրակությունների երթուղին անցնում է Ստեփանակերտով, որը յուրահատուկ էպիկենտրոն է հանդիսանում այցելուների համար` հյուրընկալորեն բացելով իր դռները:

Հոկտեմբերի 2-ին` հերթական այցը Լեռնային Ղարաբաղ, նախաձեռնել էր Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարությունը` Մանվել Ջավադյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արարատ Մարկոսյանը, աշխատակազմի քարտուղար Վոլոդյա Բարսեղյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ջերմորեն ողջունելով պատվիրակության անդամներին, գոհունակությամբ նշեց, որ գործընկերային հարաբերությունները շարունակ զարգանում, նոր որակ են ձեռք բերում,գործնական լիցքեր հաղորդում: Համագործակցության արդյունքները նշանակալի են քաղաքային տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում` կենսաապահովման ուղղություններում: Այցելությունների ընթացքում անկաշկանդ ու շահագրգիռ քննարկումներ են ծավալվում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող սկզբունքային հարցերի շուրջ, ուսումնասիրվում է առաջավոր փորձը, կյանքի են կոչվում մի շարք համատեղ ծրագրեր: Գործընկերները համոզվել են, որ իրարից շատ բան ունեն սովորելու, նաև` ընդօրինակելու: Ս.Գրիգորյանը բարձր գնահատեց նաև վարչական շրջանի բարեգործական առաքելությունը, որ իրականացվում է Արցախի տարբեր բնակավայրերում, այդ թվում` Մարտունու շրջանում` համագործակցության վերաբերյալ կողմերի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում:

Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը վստահեցրեց, որ հաստատված կապերն ավելի կսերտանան և համագործակցության խորացման առումով` նոր ավանդույթներ կձևավորվեն կողմերի միջև, քայլեր կձեռնարկվեն քաղաքային տնտեսության բնագավառում` առավել շոշափելի հաջողություններ արձանագրելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ եղավ նաև Ստեփանակերտի օրվան նվիրված տոնական միջոցառումների,ինչպես նաևսեպտեմբերի 10-11-ը Երևանում նախաձեռնվող <<Էրեբունի-Երևան-2797>> տոնակատարության շուրջ: Ընդգծվեց, որ քաղաքապետարանի և բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ քաղաքի օրվա համատեղ նշումը` բարի ավանդույթ է դարձել, ինչը կողմերի միջև փոխվստահությունն ամրապնդելու ևս մի ուշագրավ հանգամանք է:

Վերջում Ստեփանակերտի քաղաքապետն ու Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարը խորհրդանշական նվերներ են փոխանցել: Ծրագրի շրջանակում հյուրերը Ստեփանակերտ քաղաքապետ Ս.Գրիգորյանի և պաշտոնատար մյուս անձանց հետ այցելել են Հուշահամալիր և պատվիրակության անունից ծաղկեպսակ տեղադրել: Նույն օրը վարչական շրջանի պատվիրակությունն այց է կատարել մայրաքաղաքի թիվ 4 մանկապարտեզ, ուր ծանոթացել է փոքրիկների առօրյային, նախադպրոցական հիմնարկին գույք նվիրել, խաղալիքներ ու քաղցրավենիքներ բաժանել երեխաներին: Վերջիններս էլ իրենց հերթին համերգային ծրագիր էին պատրաստել և իրենց գեղեցիկ երգ ու պարով, արտասանություններով բավականություն պատճառեցին հյուրերին:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն

Լուսանկարները` Ռ.Սարգսյանի