28.09.2015   ՆՎԵՐՆԵՐ` ՆՈՐԱԾՆՈՒՆԴ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՆ

   Ինչպես տեղեկացրել ենք, Ստեփանակերտի օրվան նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելուր նպատակով Արցախում էր գտնվում Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը` փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի գլխավորությամբ:

   Այցի շրջանակում հյուրերը` քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի և քաղաքապետարանի մյուս պատասխանատուների հետ այցելել են Ստեփանակերտի թիվ 5 նորաբաց պետական մանկապարտեզ և ծանոթացել նախադպրոցական կրթօջախի պայմաններին: Նրանք, բնականաբար, դատարկաձեռն չէին ներկայացել երեխաներին և գեղեցիկ անակնկալ էին նախապատրաստել` տնօրինությանը հանձնելով բարձրարժեք գույք, տարբեր պարագաներ /այդ թվում` հեռուստացույց, երաժշտական կենտրոն և այլն/, քաղցրավենիքներ:

   Մանկապարտեզի տնօրեն Սուսաննա Ավշառյանը երախտագիտություն է հայտնել փոքրիկների նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար` նշելով, թե նման ուշադրությունը պարտավորեցնում է ավելի նվիրումով աշխատել ու արդյունավետ կազմակերպել երեխաների առօրյան: Պատվիրակության անդամ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանն իր հերթին հավաստիացրել է, այսուհետև ևս կշարունակի սերտ կապեր պահել նախադպրոցական հիմնարկի հետ և նյութական ու բարոյական աջակցություն ցուցաբերել:

   Մանկապարտեզի սաներն իրենց այցելած հյուրերին <<վարձահատույց>> են եղել քաղաքի օրվա կապակցությամբ նախապատրաստած գեղեցիկ ելույթով:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն