26.09.2015   ՔԱՂԱՔԻ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

  Սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ընդունել է քաղաքի օրվան նվիրված հանդիսություններին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը` փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի գլխավորությամբ/պատվիրակության կազմում են քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ, <<Երևան-Ստեփանակերտ համագործակցություն>> աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Գևորգյանը և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը/:

  Պարոն Գրիգորյանը ողջունելով հյուրերին, իր գոհունակությունն է հայտնել երկու քաղաքապետարանների, մայրաքաղաքներ Երևանի և Ստեփանակերտի միջև օրեցօր ամրապնդվող բարեկամության և համագործակցության խորացման առնչությամբ, այդ համատեքստում  կարևորելով գործընկերոջ` Տարոն Մարգարյանի անձնական  ներդրումն ու աջակցությունը: Նա բարձր է գնահատել նաև Երևանի վարչական շրջանների հետ սկզբնավորված փոխգործակցությունը, որը կարճ ժամանակահատվածում շոշափելի արդյունքներ է տվել և ամենատարբեր ոլորտներում զարգացման լայն հեռանկարներ են ակնկալվում:

  Երևանի փոխքաղաքապետ  Դավիթ Օհանյանը քաղաքի օրվա, ինչպես նաև Ստեփանակերտի  քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ` Սուրեն Գրիգորյանին փոխանցեց Տարոն Մարգարյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները և համոզմունք հայտնեց, որ  համագործակցությանը նոր որակ    կհաղորդվի  ու <<բարեկամության կամուրջներն ավելի կամրապնդվեն>>: Պատվիրակության անունից նա միաժամանակ շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար` ընդգծելով, թե Ստեփանակերտն այնքան սիրելի է դարձել, որ իրենց  զգում են հարազատ օջախում,  և ամեն անգամ Արցախ այցելելով` զգալի վերափոխումներ են նկատում, ինչը, հատկապես քաղաքի օրվա տոնական միջոցառումների համայնապատկերին   ուրախալի  հանգամանք է:

Հանդիպմանը ներկա էին փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանն ու Արմեն Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն