25.08.2015   ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ` ԱՆԿԱՇԿԱՆԴ ՈՒ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

Քաղաքապետի թեկնածու Ս.Գրիգորյանի հանդիպումը կրթական համակարգի աշխատողների հետ

 

Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը շարունակում է քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ ունենալ մայրաքաղաքի ընտրողների հետ: Հատկանշանական է, որ բնակչության հետ  երկխոսությունը, շփումները   կայանում են  ինչպես թաղամասերում ու բակերում, այնպես էլ` քաղաքի հիմնարկ-ձեռնարկություններում, աշխատանքային կոլեկտիվներում` մասնակիցների ակտիվության պայմաններում: Քաղաքապետի ելույթներին, բնականաբար, հաջորդում են հարցերն ու պատասխանները, որոնք անկաշկանդ ու անմիջական մթնոլորտ են ստեղծում երկխոսության համար` ընտրողներին հնարավորություն ընձեռնելով հավաստի տեղեկություններ ստանալ իրենց հուզող խնդիրների վերաբերյալ:

Օգոստոսի 25-ին  քաղաքապետի թեկնածու Ս.Գրիգորյանի հերթական հանդիպումը մայրաքաղաքի կրթական համակարգի աշխատողների հետ էր:  Ընտրողներին ներկայացնելով նախընտրական իր ծրագիրը և անդրադառնալով Ստեփանակերտի բնակչության հիմնահարցերին, նա առանձնահատուկ կարևորեց  ուսուցչի դերը` մատաղ սերնդի  հայեցի կրթման և դաստիարակման գործում: Պարոն Գրիգորյանն իր ելույթում նշեց ինչպես անցած ժամանակաշրջանում դպրոցաշինության ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին, այնպես էլ` անդրադարձավ առաջիկա տարիներին ենթադրվող ծրագրերին, խոստացավ կարեկից լինել ու աջակցել առօրյա ծագող խնդիրների լուծմանը:

Հանդիպման վերջում քաղաքապետի թեկնածուն  ներկաներին կոչ արեց ակտիվ մասնակցություն ունենալ սեպտեմբերի 13-ին կայանալիք քաղաքապետի և քաղաքային համայնքի ավագանու ընտրություններին:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն