19.05.2015   ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

Ընդունելություն Ստեփանակերտի քաղաքապետարանում

 

Մայիսի 19-ին Ստեփանակերտի քաղաքապետ Ս.Գրիգորյանը հյուրընկալել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների պատվիրակության անդամներին:

Ծավալված անկաշկանդ զրույցի ժամանակ Սուրեն Գրիգորյանը ողջունելով հյուրերին և կարևորելով նման ձևաչափով հանդիպումների անհրաժեշտությունը, համոզմունք է հայտնել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքներ Երևանի և Ստեփանակերտի միջև սկզբնավորված բարեկամությունն ու համագործակցությունը` փոխայցելությունների և անմիջական շփումների արդյունքում, ավելի կխորանան ու անպայմանորեն կյանքի կկոչվեն նախանշված բոլոր ծրագրերը: Ս.Գրիգորյանը բարձր գնահատեց պարոն Մարգարյանի` ոչ միայն Ստեփանակերտի, այլև Արցախի վարչական շրջանների ու քաղաքների հետ սերտ  կապեր  հաստատելուն, համագործակցության շրջանակներն ընդլայնելուն միտված ջանքերը: Առավել հատկանշական է, որ համատեղ ծրագրերի իրագործման մասնակից են արվում Երևան քաղաքի թվով 8 վարչական շրջաններ, այդ թվում` Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանները, որոնց պատվիրակությունները հիշյալ  առաքելությամբ ժամանել են Արցախ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարներ Արմեն Հարությունյանն ու Արթուր Կիրակոսյանը վստահեցրին, որ փոխայցելությունները շարունակական բնույթ կկրեն և իրեց կողմից հնարավոր բոլոր քայլերը կձեռնարկվեն քաղաքաին տնտեսության կառավարման բնագավառում համագործակցությունն առավել արդյունավետ հիմքերի վրա դնելու ուղղությամբ, անձնապես կնպաստեն կողմերի միջև փոխվստահության ամրապնդմանը և գործընկերային ներդաշնակ հարաբերությունների կայացմանը:

Վերջում Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարներ Արմեն Հարությունյանն ու Արթուր Կիրակոսյանը խորհրդանշական հուշանվերներ են փոխանակել:

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանը:

 

* * *

Նույն օրը Երևանից ժամանած պատվիրակությունները Ստեփանակերտի քաղաքապետ Ս.Գրիգորյանի և փոխքաղաքապետ Ս.Թամրազյանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ տեղադրելով` հարգանքի տուրք մատուցել Մեծ հայրենականում և արցախյան գոյամարտում նահատակված հայորդիների հիշատակին: Նրանք ծաղիկներ են տեղադրել նաև արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրիմներին:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն