08.05.2015 ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ
Արդեն ավանդույթ է դարձել Մայիսյան եռատոնի` Մեծ հաղթանակի. Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի կապակցությամբ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում հայրենասիրական թեմաներով շարադրությունների մրցույթի կազմակերպումը: Այս տարի այն <<Հայրենիք և բանակ>> խորագիրն էր կրում: Իսկ իրենց աշխատանքներն աշակերտները վերնագրել էին <<Հաղթանակների խորհուրդը>>, <<Եղիցի հաղթանակ և հաղթական խաղաղություն>>, <<Ամուր բանակ և հուսալի թիկունք>>, <<Երկիրն ու բանակը դարձնենք անպարտելի ամրոց>>, <<Միահամուռ ուժերով թիկունք կանգնենք մեր բանակին>>: Մրցույթի քաղաքային փուլին մասնակցում էին 7-12-րդ դասարանների թվով 42 աշակերտներ: 19 միավոր հավաքած աշակերտներ Մարինա Բաղունցը /հ.11 դպրոց/ և Լինա Բալայանը /հ.5 հիմնական դպրոց/ գրավեցին առաջին պատվավոր տեղը: Մրցանակային երկրորդ տեղը զբաղեցրին թվով 7 աշակերտներ: Մայիսի 8-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայոց լեզվի և գրականության ուսուցիչների հետ մրցույթում առաջնություն գրաված աշակերտներին հյուրընկալել էր քաղաքապետարանում: Այդ առիթով, ինչպես նաև եռատոնի կապակցությամբ ջերմորեն շնորհավորելով ներկաներին, քաղաքապետը նորանոր հաջողություններ է մաղթել դպրոցականներին, նրանց և ուսուցիչներին պարգևատրել պատվոգրերով և հուշանվերներով: Հանդիպմանը ներկա էր նաև քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար |
< Վերադառնալ |