08.05.2015   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ`ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

            Թանկագին ստեփանակերտցիներ

            Ուրախ եմ Ձեզ ողջունելու Մայիսյան եռատոնի` Գերմանական ֆաշիզմի դեմ տարած  Մեծ հաղթանակի 70-րդ և Շուշիի ազատագրման ու պաշտպանության բանակի ստեղծման 23-րդ տարեդարձի կապակցությամբ:

            Մայիսը հայ ժողովրդի պատմության մեջ հայտնի է որպես նվաճումների և հաղթանակների ամիս: 451-ի մայիսին էր, երբ զորավար Վարդան Մամիկոնյանի գլխավորած զորագունդը Ավարայրի դաշտում սկիզբը դրեց այն հերոսամարտի, որի շղթան դարերի միջով ձգվեց մինչև Սարդարապատ, հասավ Բեռլին և Շուշի` ոգեշնչելով հայրենասերների նորանոր սերունդների:

Ավագ սերնդի անցած ճանապարհը միշտ էլ ուղեցույց է հանդիսացել երիտասարդների համար, ոգեշնչել ու մղել նորանոր արարումների: Այդ առումով հետաքրքիր խորհուրդ է իր մեջ պարունակում Հայրենական մեծ պատերազմի մասնակից արցախցիների հերոսական սխրանքը, որը 1945-ի մայիսի 9-ին ամրագրվեց խորհրդային երկրի ժողովուրդների տարած փառահեղ հաղթանակով:

            Հատկանշական է, որ տարիներ անց սերտելով պապերից ու հայրերից ժառանգած դասերը, նրանց զավակները պատվով քննություն բռնեցին արցախյան գոյամարտի տարիներին` փառքով պսակելով իրենց անունները: 1992-ի մայիսի 9-ին ազատագրելով Շուշին, մեր պաշտպանական ուժերը հետագա հաղթանակների սկիզբը դրեցին` հերոսական մի նոր էջ ավելացնելով արցախյան ազատամարտի տարերգության մեջ: Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա ինչպես Մեծ հայրենականի, այնպես էլ արցախյան պատերազմի մասնակիցների ծանրակշիռ ավանդը, ինչն ուսանելի դաս է սերունդների համար:

            Մեր հիշողությունից չեն ջնջվում մղձավանջային այն ծանր օրերը, երբ Ստեփանակերտը գիշեր-ցերեկ ռմբահարվում, հրետակոծվում էր թշնամու կողմից և բնակչության շրջանում շարունակ աճում էր զոհերի թիվը, սակայն  ոչ ոք չէր մտածում մայրաքաղաքը լքելու մասին: Բոլորս  մեկ մարդու պես համախմբվել, բռունցքվել էինք, հայացքներս ուղղել դեպի հայոց հինավուրց Շուշի, ու միմիայն մտածում էինք ռազմագործողության հաջող ավարտի, բերդաքաղաքի ազատագրման և ազատամարտիկների անփորձանք վերադարձի մասին:

Ու, երևի թե մեր միասնության, զորեղ կամքի և անսասան  ոգու շնորհիվ էր, որ հաղթեցինք և Շուշին վերածնվեց ու վերստին  դարձավ հայկական: Ստեփանակերտցիներից յուրաքանչյուրը, մեծ ու փոքրով, իր արժանի ներդրումն ունեցավ բաղձալի հաղթանակի նվաճման գործում: Հետագա ավերածություններից վերջապես փրկվեց մայրաքաղաքը: Հայաստանի, աշխարհի համայն հայության զորակցությամբ աստիճանաբար հաղթահարեցինք դժվարությունները և այսօր  հպարտորեն, վերակառուցված ու բարեկարգ տեսքով է այն ներկայանում աշխարհի տարբեր ծայրերից Արցախ ոտք դրած մեր հայրենակիցներին, հյուրերին:

            Սիրելի  ստեփանակերտցիներ:

            Վերստին շնորհավորում եմ Ձեզ Մայիսյան եռատոնի առթիվ, մաղթում քաջառողջություն ու երջանկություն, խաղաղություն: Թող աշխատանքում և անձնական կյանքում բոլորիս ուղեկցեն հաջողություններն ու հաղթանակները: