04.05.2015   Ի ՆՇԱՆ ՍԻՐՈ ԵՎ ՀԱՐԳԱՆՔԻ

Բացվեց Հրաչյա Բեգլարյանի հարթաքանդակը

 

Ամիսներ առաջ էր, երբ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին որոշում կայացրեց անվանի գրող-հրապարակախոս, Արցախյան շարժման ակտիվ մասնակից Հրաչյա Բեգլարյանի հիշատակը հավերժացնելու նպատակով` ապրած տան /Բաղրամյան 1 շենքի/  պատին նրա հարթաքանդակը տեղադրելու մասին:

Եվ ահա մայիսի 1-ին` գրողի ծննդյան օրը կայացավ հարթաքանդակի հանդիսավոր բացումը: Արարողությանը, որին ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք, Հրաչյա Բեգլարյանի հարազատները, գրողներ, արվեստագետներ, մայրաքաղաքի մտավորականության ներկայացուցիչներ, հյուրեր Հայաստանից, բացեց ԼՂՀ գրողների միության նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանը: Նա արժևորեց Հրաչյա Բեգլարյանի գրական վաստակը, ինչպես նաև գրողի անուրանալի ներդրումը` Արցախի պետականաշինության գործում:

Հարթաքանդակի բացման պատիվը վերապահվեց Ստեփանակերտի քաղաքպետ Սուրեն Գրիգորյանին և Հր.Բեգլարյանի թոռնուհուն` Արևիկ Բեգլարյանին:

Հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցավ նաև  բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը: Վերջում Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Սամվել Եվրիյանն ընթերցեց Հրաչյա Բեգլարյանի ստեղծագործություններից:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար