25.04.2015 ՇԱԲԱԹՕՐՅԱԿՆ ԱՆՑԱՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ, ՊԱՏՇԱՃ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
Մայրաքաղաքը կանաչապատվում, հրապուրիչ տեսք է ստանում
Ծառատնկման, կանաչապատման և սանիտարական մաքրության միամսյակի շրջանակում` կազմակերպված ու բարձր մակարդակով անցավ Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից ապրիլի 25-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակը: Արևոտ, բարենպաստ եղանակն ավելի էր ոգևորել մարդկանց և մեծ ու փոքրով` հիմնարկ-ձեռնարկությունների, պետական կառույցների, ուսումնական հաստատությունների կոլեկտիվներն առավոտյան ձեռնամուխ էին եղել հարակից տարածքներում նախապես ծրագրված աշխատանքներին: Եթե ծառատունկը, գլխավորապես իրականացվում էր Արեշ թաղամասում և որոշ կրթօջախների բակերում, ապա մայրաքաղաքի Վերածննդի և Հաղթանակի հրապարակներում, Հուշահամալիրի ողջ տարածքում, Բեկորի անունը կրող զբոսայգում, Շահումյանի անվան պուրակում ու քաղաքի տեսարժան այլ վայրերում շաբաթօրյակի մասնակիցները զբաղված էին շրջակայքի կանաչ տարածքների մշակմամբ և սանիտարական մաքրությամբ: Հատկանշական է, որ շաբաթօրյակի ընթացքում ջրցան մեքենաներով լվացվում էին ոչ միայն հրապարակներն ու զբոսայգիների սալիկապատած հատվածները, այլև քաղաքում տեղադրված հուշարձաններն ու կոթողները` առանձնակի շուք հաղորդելով մշակութային և պատմական այդ անփոխարինելի արժեքներին: Աշխատանքային եռուզեռ էր տիրում քաղաքի գրեթե բոլոր թաղամասերում, մասնավորապես` կենտրոնական մասում: Շաբաթօրյակին ակտիվորեն ներգրավվել էին պետական այրերն ու շարքային մարդիկ, ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողները, տարեցներն ու դպրոցականները: Մայիսյան եռատոնի նախաշեմին յուրաքանչյուրը շահագրգռված էր առավել գեղեցիկ, մաքուր և ներդաշնակ տեսնել սիրելի Ստեփանակերտը ու ջանք ու եռանդ չէր խնայում դրանում իր մասնաբաժին ունենալու համար: Փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանի հավաստմամբ, օրվա երկրորդ կեսին մայրաքաղաքում իդեալական մաքրություն էր տիրում և, քանի որ հողը տաքացել էր արևի ջերմությունից, մյուս աշխատանքներին զուգընթաց սիզամարգերը փխրեցվում, նախապատրաստվում էին ծաղկասածիլների տեղադրմանը: Նրա խոսքով, ընդամենը մեկ շաբաթ կպահանջվի ջերմոցներում աճեցված ու Երևանից ներկրված բազմատեսակ ծաղկասածիլները հողին պահ տալու համար: Փոխքաղաքապետը հավելեց նաև, որ մինչև ապրիլի 30-ը, միամսյակի շրջանակում, Ստեփանակերտում կշարունակվեն ծառատնկման, կանաչապատման և սանիտարական մաքրության աշխատանքները:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար
|
< Վերադառնալ |