17.04.2015 ԾԱՌԱՏՈՒՆԿ` ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԴՊՐՈՑԻ ԲԱԿՈՒՄ
Ծառատնկման, կանաչապատման և սանիտարական մաքրության միամսյակի շրջանակում մայրաքաղաք Ստեփանակերտում շարունակվում են ընդլայնվել կանաչ տարածքները: Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան հ.1 հիմնական դպրոցի բակում իրականացված ծառատունկը մի առանձին խորհուրդ ունի: Նորակառույց կրթօջախը բարեկարգ շրջապատում նաև ներդաշնակ այգի պիտի ունենա, ճաշակով ձևավորված սիզամարգեր: Եվ, որպեսզի այդ մտահղացումն իրականություն դառնա, դպրոցին օգնության ձեռք է մեկնել ակադեմիկոս <<Թախթաջյանի անվան Ստեփանակերտի բուսաբանական այգու>> ղեկավարությունը` կրթօջախին տրամադրելով 20 լորենի, 60 հացենի և վարդի` թվով 50 տարբեր տեսակի թփեր: Ծառատունկը կատարվել է ընկերության մասնագետների ու բանվորների, դպրոցի աշակերտների և <<Զեփյուռ>> երիտասարդական հասարակական կազմակերպության անդամների ակտիվ մասնակցությամբ: Բնականաբար, դպրոցականներն էլ ստանձնել են նորատունկ ծառերի և թփերի խնամքը ու հեռու չէ այն օրը, երբ դպրոցի շրջապատը կվերածվի ծաղկուն այգեստանի: Ստեփանակերտի բուսաբանական այգու տնօրեն Համլետ Դավթյանի տեղեկացմամբ, այս օրերին մայրաքաղաքում առաջ են տարվում սիզամարգերի և պուրակների, կանաչ տարածքների խնամքի ու մշակման աշխատանքները, և մայիսին ծաղկասածիլները ջերմոցներից կտեղափոխվեն ու պահ կտրվեն հողին: Նա հավելեց նաև, որ չորացած ծառերը փոխարինվում են դալար տնկիներով: Ըստ տնօրենի, ապրիլի 25-ին ծրագրված ծառատնկման, կանաչապատման և սանիտարական մաքրության շաբաթօրյակը գարնանային շոշափելի թարմություն կբերի մայրաքաղաքին:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար
|
< Վերադառնալ |