08.04.2015 ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ
Արցախի բնակավայրերում, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտում ավանդույթ է դարձել Սուրբ Հարության տոնի նշանավորումը: Ապրիլի 5- ին Ստեփան Շահումյանի անվան պուրակում քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի կողմից նախաձեռնած Հիսուս Քրիստոսի Հարության Հրաշափառ տոնի, կամ ինչպես ընդունված է ասել` Սուրբ Զատիկի տոնակատարության նշումն ասվածի վկայություններից է:
Հատկանշական է, որ նախորդ օրը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսանողական կոմիտեի օժանդակությամբ մայրաքաղաքում բաժանվել են բուկլետներ` Զատիկը խորհրդանշող նկարներով և եկեղեցական տոնին առնչվող օրհնության խոսքերով:
Հաղորդավարը խոսքը փոխանցել է հայ Առաքելական եկեղեցու սպասավոր Արթուր սարկավագ Հունոյանին, ով հակիրճ արտահայտեց օրվա խորհուրդը և ներկաներին շնորհավորեց տոնի կապակցությամբ:
Համարվելով քրիստոնեությունն առաջինն ընդունած ժողովրդի արժանավոր հետնորդները, երիտասարդները մեծ խանդավառությամբ ձեռնամուխ եղան Սուրբ Զատիկի տոնին նվիրված միջոցառմանը: <<Զատկական սեղանների մրցույթին>> հատկապես ոգևորությամբ էին ներկայացել երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր Սուրբ Զատիկի պահանջներին խիստ համահունչ ձևավորել էին տոնական սեղանները: Հանձնախմբի կողմից լավագույնը ճանաչված կազմակերպությունները քաղաքապետարանի կողմից արժանացան արժեքավոր նվերների: Ինչպես նշեց քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետի պաշտոնակատար Լաուրա Հակոբջանյանը, նման միջոցառում Սուրբ Հակոբ եկեղեցու աջակցությամբ երկրորդ անգամ է կազմակերպվում: Տոնակատարության ծրագրում ներառված էին նաև երգեր ու պարեր, արտասանություններ, իմաստախոսություններ և ելույթները գլխավորապես կազմակերպվել էին քաղաքի մշակույթի տան գեղարվեստական խմբի, ինչպես նաև բուհերի ուսանողների և երիտասարդների ուժերով: Ծրագրի ավարտն ազդարարեց միասնական շուրջպարը, որին ձեռք-ձեռքի տված մասնակցեցին մեծ, թե փոքր: Վերջում տոնի մասնակիցներին բաժանվեցին զատկական քաղցրավենիքներ: Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար
|
< Վերադառնալ |