02.04.2015   ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ` ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽԻ ԿԱՆԱՉԱՊԱՏՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

Հանրապետության բնակավայրերի, մասնավորապես` մայրաքաղաք Ստեփանակերտի կանաչապատման և ծառատնկման խնդիրներին էր առնչվում Արցախի պետական համալսարանում հրավիրված  գիտագործնական կոնֆերանսը, որին ներկա  էր նաև քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Միջոցառմանը հրավիրվել էին քաղաքապետարանի  համապատասխան բաժինների, նրա ենթակայության տակ գտնվող կառույցների պատասխանատուներ, մայրաքաղաքի գիտական կազմակերպությունների և գերտեսչությունների ղեկավարներ, բուհերի դասախոսներ և ուսանողներ: Կոնֆերանսի գլխավոր բանախոսը  Դենդրոլոգիայի միջազգային ակադեմիայի նախագահ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կառլեն Քոչարյանն էր, ով իր զեկուցման մեջ անդրադարձավ  հանրապետությունում` ծառատնկման և կանաչապատման վիճակին, ինչպես և  մայրաքաղաք Ստեփանակերտում կանաչ տարածքների ընդլայնման  հեռանկարներին:

Գիտնականը գտնում է, որ ս.թ. ապրիլի 1-ից 30-ը քաղաքապետ Ս.Գրիգորյանի կողմից` Ստեփանակերտում ծառատնկման  և սանիտարական մաքրման վերաբերյալ ստորագրած որոշումը լավ առիթ է արդյունավետ օգտագործել ներուժն ու այդ ուղղությամբ նպատակասլաց աշխատանքներ իրականացնել: Նրա խոսքով, վերջին տարիներին մայրաքաղաքում զգալիորեն ընդլայնվել են կանաչ տարածքները, սակայն բավարարվելու հիմքեր չի տալիս և տարեցտարի էական փոփոխություններ պիտի արձանագրվեն: Կ.Քոչարյանի հաշվարկների համաձայն, յուրաքանչյուր բնակչի հաշվով` 20 քառ.մետր կանաչապատ տարածք պետք է ունենա Ստեփանակերտը, որպեսզի բավարար համարվեն էկոլոգիական պահանջները: Եվ գիտնականն առաջարկում է նոր  տնկարաններ հիմնել, տարեցտարի ընդլայնել զբոսայգիներն ու պուրակները, սիզամարգերը, մանավանդ, որ տեղի բնակլիմայական պայմանները բարեխառն են, նպաստավոր:

Իր խոսքում քաղաքապետ Ս.Գրիգորյանը ողջունեց վաստակաշատ դենդրոլոգի նախաձեռնությունները և բարձր գնահատեց նրա ավանդը` Ստեփանակերտի կանաչապատման ծրագրերի իրականացման գործում: Քաղաքապետը խոստացավ ըստամենայնի աջակցել գիտնականին` նոր մտահղացումների իրագործմանը և այդ նպատակով ձևավորել աշխատանքային խումբ, որի կողմից կհստակեցվեն ծառատնկման և կանաչապատման ուղղությամբ ձեռնակվելիք առաջիկա քայլերը: 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար