07.03.2015   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

            Սիրելի կանայք, մայրեր և քույրեր

    Ուրախ եմ Ձեզ ողջունելու ավանդական տոնի` կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Տոն, որ զուգադիպում է գարնան զարթոնքի հետ, նվիրական զգացումներ արթնացնում մեր հոգում` այն դարձնելով առավել հոգեհարազատ ու խորհրդանշական: Ու պատահական չէ, որ մարտի 8-ը, որպես հիշարժան օր, ամրագրված է մեր տոնացույցում և բոլորս խոր հարգանքով ենք վերաբերվում այդ երևույթին:

  Մեր հանրապետությունում, ուր կանայք հասարակության լիիրավ անդամ են, մեծ ավանդ ունեն պետականաշինության մեջ, տնտեսության ամենատարբեր ոլորտներում: Անգնահատելի է նրանց դերն անկախության կերտման, ժողովրդական արժեքների ամրապնդման գործում: Կանայք, նեցուկ կանգնելով տղամարդկանց, արժանապատվորեն կատարեցին հայրենասիրական ու քաղաքացիական իրենց պարտքը` ինչպես պատերազմի դժնդակ տարիներին, երբ ազատ ու անկախ Արցախի ճակատագիրն էր կանխորոշվում, այնպես էլ այսօր` ակտիվորեն մասնակցելով հայրենիքի շենացմանն ու զորացմանը: Նրանք ներգրավված են օրենսդիր և գործադիր իշխանություններում, զբաղվում են գիտական, մանկավարժական արգասաբեր աշխատանքով ու հասարակական գործունեությամբ, արարում, մնայուն արժեքներ են ստեղծում: Վստահված յուրաքանչյուր պարտականություն  կատարում են պատվախնդրորեն, պատասխանատվության բարձր զգացումով:

   Թանկագին կանայք

Ստեփանակերտի քաղաքապետարանի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ խորհրդանշական տոնի` մարտի 8-ի առթիվ ու մաղթում անձնական երջանկություն, խաղաղություն և ամենայն բարիք: