20.11.2014 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳՆՈՒ ՆԻՍՏԸ
Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը, որում ներառված էին մեկ տասնյակից ավելի հարցեր: Հիմք ընդունելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ԼՂՀ օրենքի պահանջները, ավագանին սահմանեց 2015թ. տեղական տուրքերի և տեղական վճարների դրույքաչափերը, ինչպես նաև համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարներն ու համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը: Անդրադառնալով խնդրին, քաղաքապետ Ս.Գրիգորյանը նշեց, թե չնայած բնակչությանը մատուցվող որոշ ծառայությունների, մասնավորապե` սանմաքրման մասով, կատարված աշխատանքների ծավալների տեսակետից սակագները չեն համապատասխանում գանձվող գումարների չափին, այնուամենայնիվ, վճարների դրույքաչափերն անփոփոխ են մնացել: Նրա խոսքով, նման վճիռ կայացվել է այն <<նախապայմանով>>, որպեսզի քաջ գիտակցելով ստանձնած պարտավորություններն անվերապահ կատարման անհրաժեշտությունը, մատուցված ծառայության դիմաց քաղաքացիները ժամանակին կատարեն վարձավճարները և խուսափեն տուգանքներից և վարչական տույժերից: Ավագանին իր համաձայնությունը տվեց անհատույց օգտագործման նպատակով` Հեքիմյան փողոցի հ.21 շենքի նկուղային հարկից ոչ բնակելի տարածք տրամադրելուն` տնտեսական նպատակով օգտագործելու համար: Ավագանու մեկ այլ որոշմամբ Վ.Սարգսյան փողոցի հ.25 շենքի երկրորդ հարկից 78.49 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքն անհատույց օգտագործման նպատակով տրամադրվեց ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների ծառայությանը: Նիստում համապատասխան որոշումներ կայացվեցին համայնքի սեփականություն հանդիսացող մի շարք շենքերի` թվով 10 բնակարաններ նվիրատվության կարգով օտարելու վերաբերյալ: Հիմք ընդունելով ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Ստեփանակերտի տարածքային ստորաբաժանման գրությունը` ավագանին նախկինում կայացրած որոշման մեջ փոփոխությունկատարեց: Վերջում ավագանու անդամների կողմից բարձրացվեցին մի շարք հարցեր, որոնք գլխավորապես վերաբերում են մայրաքաղաքի բարեկարգման, ծայրամասային փողոցների վերանորոգման, և սանիտարական մաքրության, ենթակառուցվածքների, մասնավորապես` տրանսպորտի և կապի բարելավման խնդիրներին: Քաղաքապետ Ս.Գրիգորյանը խոստացավ` քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների պատասխանատուների հետ քննարկել դրանք և արդյունավետ լուծման ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար
|
< Վերադառնալ |