05.11.2014 ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
Քննարկումներ մայրաքաղաքի ուրվագծվելիք նոր գլխավոր հատակագծի շուրջ
Նոյեմբերի 5-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի մոտ կայացած ընդունելությանը քաղաքաշինության ոլորտի, մասնավորապես` մայրաքաղաք Ստեփանակերտի գլխավոր հատակագծի արդիականացմանն առնչվող խնդիրներն են քննարկվել աշխատանքային այցի շրջանակներում` Արցախում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի գլխավորած պատվիրակության անդամների հետ, որին ներկա էր ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:
Քաղաքապետ Ս.Գրիգորյանը կարևորելով ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից ցուցաբերվող աջակցությունը` ամենատարբեր ծրագրերի իրականացման գործում, առանձնակի նշանակություն տվեց գերատեսչության և Ստեփանակերտի քաղաքապետարանի միջև սկզբնավորված համագործակցությանը, համոզմունք հայտնելով, թե փոխայցելությունների արդյունքում այն հետզհետե կխորանա և կամրապնդվի: Քանի որ քննարկումների առանցքը մայրաքաղաք Ստեփանակերտն էր` ճարտարապետական-շինարարական իր բազում խնդիրներով և հեռանկարներով, Սուրեն Գրիգորյանը մասնավորապես անդրադարձավ ամենահրատապ հարցերից մեկին` Ստեփանակերտի գլխավոր հատակագծին: Նրա խոսքով վերջին հատակագիծն արվել է 2001 թվականին, իսկ դրանից հետո, չնայած ավելի քան 10 տարի է անցել և քաղաքի բարեկարգման ու կառուցապատման, ճարտարապետական դիմակագծի տեսանկյունից հսկայական փոփոխություններ են կատարվել, սակայն մինչև հիմա դրանք իրենց արտացոլումը չեն գտել հատակագծի մեջ: Քաղաքապետը կարծիք հայտնեց, թե վերջին շրջանի իրողություններն անպայման տեղ պիտի գտնեն Ստեփանակերտի` նախանշվող նոր գլխավոր հատակագծում: Ընդ որում, նա անչափ կարևոր համարեց, որպեսզի մասնագետների կողմից ծրագրվող աշխատանքների մեջ ներառվեն այն ուղղությունները, որոնք միտված են մայրաքաղաքի կենտրոնի բեռնաթափմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, Ստեփանակերտի ճարտարապետական դեմքի պահպանմանը, սկզբունքային նշանակություն ունեցող հեռանկարային ծրագրերին:
Նշելով, թե լիովին համակարծիք է Ստեփանակերտի քաղաքապետի կողմից բարձրացված հարցերին, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հավաստիացրեց, որ նախարարության և <<Հայնախագիծ>> ինստիտուտի պատասխանատուների, լավագույն մասնագետների /ճարտարապետների/ հետ նա Արցախ է այցելել քաղաքաշինության խնդիրներն ուսումնասիրելու և գործընթացը սկսելուց առաջ` Ստեփանակերտի ուրվագծվելիք նոր գլխավոր հատակագծի բաղադրիչները տեղում քննարկելու և համատեղ որոշում կայացնելու նպատակով: Նախարարն անխուսափելի համարեց նոր փաստաթղթի /փաթեթի/ ծնունդը` շեշտելով, թե հավանաբար աշխատանքային խումբ կստեղծվի Երևանի և Ստեփանակերտի գործընկերների մասնակցությամբ և փուլառփուլ կամբողջանա նախագիծը: Իսկ երբ պատրաստ կլինի նրա լրամշակված տարբերակը` կազմակերպվեն հանրային քննարկումներ ու նոր միայն վերջնական կարծիք կձևավորվի հատակագծի շուրջ: Նարեկ Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց ակտիվ աջակցություն ցուցաբերել ծրագրի հաջող իրագործմանը, որը վճռորոշ նշանակություն կունենա Արցախ մայրաքաղաքի հետագա զարգացման ու բարգավաճման գործում: Հանդիպմանը կարծիքներ փոխանակեցին ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանը, <<Հայնախագիծ>> ինստիտուտի գլխավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, ԼՂՀ <<Ճարտնախագիծ>> ընկերության տնօրեն, ճարտարապետ Մամիկոն Ֆարսյանը, <<Հայնախագիծ>> ՓԲԸ արվեստանոցի ղեկավար Սերգեյ Ամիրաղյանը, ուրիշներ: Այցի շրջանակներում ՀՀ քաղաքաշինության նախարարի գլխավորած պատվիրակությանն ընդունել և հանդիպմանը հայկական երկու հանրապետությունների համանուն գերատեսչությունների միջև սերտացող փոխհամագործակցությունը կարևորել ու Ստեփանակերտի գլխավոր հատակագծի արդիականացման խնդիրներին է անդրադարձել նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար |
< Վերադառնալ |