25.09.2014   ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕՐՎԱ ՆԱԽԱՇԵՄԻՆ

Քաղաքի օրվան նվիրված մարզամշակութային միջոցառումները  մեկ շաբաթ առաջ են մեկնարկել Ստեփանակերտում և հետզհետե ընդլայնվում են ծրագրի շրջանակները:

Ավանդույթի համաձայն, սեպտեմբերի 25-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն առաջին այցելությունը կատարել է <<ԼՂՀ աշխատանքի և պատերազմի վետերանների միություն>> հասարակական կազմակերպություն: Քաղաքապետարանի և անձամբ իր անունից ջերմորեն շնորհավորելով վետերաններին` քաղաքի օրվա կապակցությամբ և հանձնելով նրանց դրամական պարգև և հուշանվերներ, Ս.Գրիգորյանը վստահեցրել է, թե այսուհետև ևս կազմակերպության անդամները կգտնվեն իր ուշադրության կենտրոնում ու նրանց հոգսերի նկատմամբ քաղաքապետարանի կողմից առանձնակի վերաբերմունք կցուցաբերվի:

Արժևորելով  Մեծ հայրենականի վետերանների անցած փառավոր ուղին, քաղաքապետն ընդգծել է նրանց դերը` երիտասարդ սերնդի դաստիարակության գործում, բարձր գնահատել նրանց ավանդն Արցախյան ազատամարտի տարիներին: <<Ձեզնից շատերը գրեթե  Ստեփանակերտի հասակակիցներ են, և ծննդյան օրվանից ի վեր, Ձեր ակտիվ մասնակցությունն եք բերել քաղաքի բարեկարգմանն ու կառուցապատմանը, նրա ավանդույթների զարգացմանն ու պահպանմանը, ինչի համար քաղաքապետարանի անունից Ձեզ երախտագիտություն եմ հայտնում ու մաղթում արցախյան երկարակեցություն և ամենայն բարիք>>:

Հանդես գալով շնորհակալական խոսքով,  ԼՂՀ պատերազմի վետերանների միության նախագահ Սերգեյ Բարսեղյանը ներկաների անունից Ս.Գրիգորյանին շնորհակալություն է հայտնել ուշադիր վերաբերմունքի համար և ողջունել այն ձեռնարկումները, որոնք ուղղված են մայրաքաղաք Ստեփանակերտի զարգացմանն ու բարգավաճմանը:

Նույն առաքելությամբ նշանակալի իրադարձության նախաշեմին <<ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն>> և <<ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն>> հասարակական կազմակերպություններ են այցելել նաև Ստեփանակերտի փոխքաղաքապետներ Սուրեն  Թամրազյանն ու Արմեն Հակոբյանը:   

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար