24.09.2014 ՔԱՂԱՔԱՊԵՏ Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԳԱԼՅԱ ԱՌՍՏԱՄՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
Արցախի նվիրյալ դստրերից մեկի` ԼՂՀ զոհված ազատամարտիկների միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Գալյա Առստամյանի ծննդյան 75-ամյակին էր նվիրված նրա հեղինակած թանգարան-հուշասրահում կազմակերպված հիշատակի ցերեկույթը, որին ներկա էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, քաղաքական-հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Մեծ հայրենականի և արցախյան պատերազմի վետերաններ, մտավորականներ, հոբելյարի հարազատներն ու մտերիմները:
Հանդիպմանը բոլոր ելույթներում ընդգծվեց Գ.Առստամյանի անձնվեր առաքելությունը` զոհված ազատամարտիկների թանգարան-հուշարձանի ստեղծման, նահատակված հայորդիների և դստրերի մասին վավերագրական գրքեր գրելու և հրապարակելու, երիտասարդ սերնդին, մասնավորապես Պաշտպանության բանակի զինվորներին` հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում: Չնայած նա այսօր ֆիզիկապես մտերիմ-բարեկամներից բացակայում է, սակայն արցախուհու մոր կերպարը, պայծառ հիշատակը միշտ վառ է մնալու նրան ճանաչողների սրտերում: Գալյա Առստամյանի նկատմամբ խոր հարգանք և պատկառանք էին տածում պետական այրերը, ռազմական, մշակույթի և արվեստի գործիչները, զինվորները, զոհված հարազատների ծնողները, շարքային մարդիկ: Ու պատահական չէ, որ կենդանության տարիներին, որպես մայր, որպես մարդ, նա համաժողովրդական սեր էր վայելում, ինչը շատ քչերին է հաջողվում:
Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ով արժևորելով Գ.Առստամյանի անցած պատվաբեր ճանապարհը, նշեց, թե ինքն այն համոզմունքն ունի, որ նրա ստեղծած բացառիկ թանգարանը հայրենասիրության, խիզախության և տոկունության դասեր սերտելու յուրօրինակ օջախ է հանդիսանալու երիտասարդների համար, ուր հերոս հայորդիների օրինակով դաստիարակվելու են տասնյակ սերունդներ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար |
< Վերադառնալ |