01.09.2014 ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ <<ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՍՈՎ>>… ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է Հ.1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Այսօր մայրաքաղաքի դպրոցներում, բուհերում և միջնակարգ մասնագիտական հաստատություններում հնչեցվեց 2014-2015 ուսումնական տարվա առաջին զանգը: Ընդ որում` գիտելիքի և դպրության տոնը, որ համընկավ հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձի հետ` առավել հանդիսավոր դարձնելով օրվա խորհուրդը: Ու պատահական չէ, որ նոր ուսումնականը երկրի կրթական բոլոր հաստատություններում մեկնարկեց <<Խաղաղության դասով>>… Սեպտեմբերի 1-ին ԼՂՀ-ում անդրանիկ պարապմունքը, բնականաբար նվիրվել է անկախության տոնին: Կարևորելով իրադարձության պատմական ու քաղաքական նշանակությունը, երեկ ուսուցիչների հետ միասին հանրապետության կրթօջախներում առաջին դասը վարում էին պետական այրերը, քաղաքական, հասարակական ու ռազմական գործիչները, խորհրդարանի նախագահն ու կառավարության ղեկավարը, պատգամավորներ ու նախարարներ, արվեստագետներ, գրողներ արցախյան ազատամարտի վետերաններ… Արցախում մեծ ու փոքրով քաջ գիտակցում են, որ ազատությունն ու անկախությունը ձեռք է բերվել մեծ զոհողությունների գնով: Հազարավոր հայորդիներ ու դստրեր նահատակվեցին հանուն հայրենիքի` այն համոզմամբ, որ վերջ կդրվի Ադրբեջանի բռնատիրությանը և սերունդներն կվիճակվի ինքնուրույն տնօրինելու սեփական ճակատագրերը: Ուսումնական տարվա սկիզբը մայրաքաղաքի Խ.Աբովյանի անվան հ.1 և հ. 6 հիմնական դպրոցներում նշանավորվել է ևս մի հաճելի երևույթով: Պարապմունքները նորակառույց կրթօջախում են սկսել դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները, ինչի կապակցությամբ տանտերերին շնորհավորել են և պետական այրերը: Հատկանշական է, որ աշակերտների և ուսուցիչների քանակով հ.1 դպրոցն ամենախոշորն է համարվում հանրապետությունում /այստեղ սովորողների թիվը շուրջ 1500-ի է հասնում/: Դպրոցի տնօրեն, ԱԺ պատգամավոր Ռոմելա Դադայանն առաջին զանգի առիթով կազմակերպված հանդիսությանը ողջունելով ներկաներին այն միտքն է հայտնել, որ անպայման կարդարացվեն ծնողների և ուսուցիչների սպասելիքները և աշակերտները ձեռք կբերեն խոր ու կայուն գիտելիքներ, <<մանավանդ` ուսումնական գործընթացն անցնելու է նորակառույց և հարմարավետ մասնաշենքում, ուր առկա են ժամանակակից չափորոշիչներին համահունչ, բոլոր պայմանները>>: Տոնի առթիվ աբովյանցիներին շնորհավորել և իր բարեմաղթանքներն է հղել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Նա համոզմունք է հայտնել, թե <<դպրոցն ավարտող աշակերտը վաղն ավագ սերնդի շարքերը համալրող ապագա մանկավարժն է ու գիտնականը, բժիշկն ու տնտեսագետը, շինարարը, գրողն ու արվեստագետը, ովքեր պիտի շենացնեն և զորացնեն Արցախ երկիրը, այն դարձնեն առավել ծաղկուն ու բարգավաճ>>:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար
|
< Վերադառնալ |