01.09.2014 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 23-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ, ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ Կ
Հարգելի համաքաղաքացիներ Ստեփանակերտի քաղաքապետարանի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ` ԼՂՀ անկախության 23-րդ տարեդարձի, ինչպես նաև գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Այսօր, հիրավի, մենք հպարտանալու առիթ ունենք, քանզի արցախյան ազգային-ազատագրական պայքարի փառավոր էջերը լի են պատմական հաղթանակներով ու նշանակալի ձեռքբերումներով: Եվ բնականաբար, մեզնից յուրաքանչյուրը քաջ գիտակցում է այն իրողությունը, որ ազատությունն ու անկախությունը ճակատագրի շնորհած նվեր չէ ու այն ձեռք է բերվել մեծ զոհողությունների գնով: Հազարավոր հայորդիներ ու դստրեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի, հանուն ազատ ու անկախ Արցախի` այն համոզմամբ, որ վերջ կտրվի Ադրբեջանի բռնատիրությանը և մեզ կվիճակվի ինքնուրույն տնօրինելու սեփական ճակատագիրը: Փա~ռք արցախյան ազատամարտում նահատակվածներին: Արդեն 23 տարի է, ինչ կերտում ենք մեր անկախությունը, մեր երկրի ապագան: ԼՂՀ իշխանությունների, Հայաստանի, աշխարհի համայն հայության աջակցությամբ արագ վերացվել են դաժան պատերազմի հետքերը: Տարեցտարի զարգանում է տնտեսությունը, վերակառուցվում, իրենց տեսքն են բարեփոխում մեր քաղաքներն ու գյուղերը, պետության կողմից պատշաճ հոգ է տարվում բնակչության սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: Առաջնահերթությունների թվում, երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում է մնում դպրոցաշինության խնդիրը: Այդ տեսակետից ուրախանալու քիչ առիթներ չենք ունեցել և ստեփանակերտցիներս: Գրեթե ամեն տարի մայրաքաղաքում աշակերտների առաջ իր դռներն է բացում նորակառույց մի դպրոց` ժամանակակից ամենահարմարավետ պայմաններով, ուր Արցախի վաղվա ապագան է դաստիարակվում` սերտելով ավագների պատգամներն ու դասերը… Հավատացած ենք, որ ձեռք բերված հարուստ գիտելիքները, հայեցի կրթությունն ու ազգային արժեքների ոգով դաստիարակությունը կնպաստեն սեփական ունակությունների ու կարողությունների դրսևորմանը: Իսկ ամենևին էլ գաղտնիք չէ, որ դպրոցն ավարտող աշակերտը վաղն ավագ սերնդի շարքերը համալրող մեր ապագա մանկավարժն է ու գիտնականը, բժիշկն ու տնտեսագետը, շինարարը, գրողն ու արվեստագետը, ովքեր պիտի ավելի շենացնեն և զորացնեն մեր երկիրը, այն դարձնեն առավել ծաղկուն ու բարգավաճ: Սիրելի ստեփանակերտցիներ Կրկին շնորհավորում եմ հիշարժան տոների առթիվ: Մաղթում եմ հաջողություններ, խաղաղ ու անամպ երկինք, երջանկություն: |
< Վերադառնալ |