28.08.2014   ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ <<ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ>> ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Օգոստոսի 28-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ընդունել է բարեգործական առաքելությամբ հանրապետությունում գտնվող ՀՀ <<Երկրապահ կազվորականների միություն>> հասարակական կազմակերպության պատվիրակությանը` վարչության անդամ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին, քաղաքապետը բարձր է գնահատել երկրապահների հայրենասիրական, ազգանպաստ ձեռնարկումները, որոնք միտված են երկրի պաշտպանության ամրապնդմանը, ժողովրդի համախմբմանը, երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը, բարեգործական ամենատարբեր ծրագրերի իրագործմանը: Այդ համատեքստում Ս.Գրիգորյանը մասնավորապես կարևորեց կառույցի կողմից Արցախի դպրոցականներին ցույց տրվող օժանդակությունը, ինչը վաղուց ավանդույթ է դարձել: Այս անգամ ևս երկրապահ կամավորականները դատարկաձեռն չեն ներկայացել: Նրանք մայրաքաղաքի առաջին դասարան հաճախող փոքրիկներին բերել էին թվով 844 դպրոցական պայուսակներ` գրենական պիտույքներով: Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց միության վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, կազմակերպության բոլոր անդամներին` Արցախի կրթօջախներին ցուցաբերվող մշտական օգնության համար և համոզմունք հայտնեց, որ սկզբնավորված բարեկամությունը հետզհետե ավելի կամրապնդվի և նոր որակ ձեռք կբերի:

Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով Սուրեն Գրիգորյանին` անկեղծ բարեմաղթանքների և ջերմ ընդունելության համար, միության վարչության անդամ Հակոբ Հակոբյանը նշեց, իրենք միշտ պատրաստ են պահպանելու և շարունակելու այն հարուստ ավանդույթները, որոնք, որպես գերագույն արժեք ժառանգել են սպարապետ Վազգեն Սարգսյանից հայ մյուս կամավորականներից և զորավարներից ու այսօր էլ շարունակվում են հայրենիքի երդվյալ զինվորներ մնալ, նպաստել Հայաստանի և Արցախի զորացմանը, հայոց բանակի մարտունակության բարձրացմանը: Ու պատահական չէ, որ պատվիրակության կազմում են ինչպես ավագ և միջին, այնպես էլ կրտսեր սերնդի ներկայացուցիչները, որոնք պատրաստ են պատվով կատարել իրենց առաջ ծառացած խնդիրները:

Երկրապահ-կամավորականները բարեգործական աջակցություն ցուցաբերելուց բացի որոշել են համերգներով հանդես գալ ստեփանակերտցիների առաջ: Այդ նպատակով պատվիրակության մեջ ընդգրկվել են գեղարվեստական ամենատարբեր համույթներ և կոլեկտիվներ: Նրանց առաջին ելույթը կկայանա մայրաքաղաքի Ստեփան Շահումյանի անվան պուրակում:

 

Հանդիպման ավարտին Ստեփանակերտի քաղաքապետ  Սուրեն Գրիգորյանը երկրապահ-կամավորականներին հուշանվերներ է հանձնել:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար