28.08.2014 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ
Օգոստոսի 28-ին կայացավ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Հիմք ընդունելով <<Բնակարանային շահագործման տնտեսություն>> փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 2014թ. օգոստոսի 20ի գրությունը` ուղղված Ստեփանակերտի քաղաքապետին, ավագանին իր համաձայնությունը տվեց քաղաքային համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից ընկերությանը հատկացնելու 1803722 /1 մլն ութ հարյուր երեք հազար յոթ հարյուր քսաներկու/ դրամ` բրիգադավարների, բակերի և մայթերի մաքրման բանվորների` հաստիքացուցակով սահմանված աշխատավարձի պակասորդը ֆինանսավորելու նպատակով: Համայնքի ավագանին որոշում կայացրեց նաև Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի 31 շենքի հ.27 և Ս.Դավիթ փողոցի 10 շենքի հ.14 հասցեում գտնվող բնակարանների նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում իրականացնելու և նվիրատվության կարգով օտարելու վերաբերյալ: Իր նկատառումները հայտնելով տարիներ շարունակ ձգձգվող սեփականաշնորհման գործընթացի վերաբերյալ, քաղաքապետ Ս.Գրիգորյանը քաղաքապետարանի բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնի պետին հանձնարարեց մանրակրկիտ ուսումնասիրություններ կատարել այդ ուղղությամբ և գործնական քայլեր ձեռնարկել համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանների իրավունքի պետական գրանցման և օտարման գործընթացն ավարտին հասցնելու համար: Նիստում որոշում ընդունվեց քաղաքային համայնքի 2014թ. հունվարի 23-ի <<Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2014թ. բյուջեի մասին>> որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Հիմնավորելով դրա անհրաժեշտությունը, քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մ.Համբարձումյանը նշեց, թե հիշյալ փոփոխությունները պայմանավորված են սեզոնային շրջանում իրականացվող շինարարական աշխատանքների ծավալների ընդլայնմամբ և համայնքի բյուջեի 9 ամսվա կտրվածքով առաջացած պարտքերը, ֆինանսական պարտավորությունները մարելու անհրաժեշտությամբ: Վերջում ավագանու անդամների կողմից բարձրացվեցին մայրաքաղաքի կենսական խնդիրներին առնչվող մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ արեց քաղաքապետ Ս.Գրիգորյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար |
< Վերադառնալ |