20.08.2014 ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔԻ ՕՐՀՆԵՐԳԻ/ՀԻՄՆԻ/ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել Ստեփանակերտ քաղաքի օրհներգի /հիմնի/ ընտրության բաց մրցույթ անցկացնելու մասին: Մրցույթի անցկացման ժամկետը սահմանվել է 100/հարյուր/ օր` մրցույթի վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներով հրապարակելու օրվանից: Մրցույթի անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծվել է մրցութային հանձնաժողով, որը կգլխավորի քաղաքապետ Ս.Գրիգորյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ինչպես քաղաքապետարանի պատասխանատուներ, այնպես էլ` հանրապետության ստեղծագործական կազմակերպությունների ղեկավարներ, ճանաչված երաժիշտներ և արվեստի գործիչներ: Մրցույթի նպատակն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի խորհրդանիշի` օրհներգի/հիմնի/ ստեղծումը` որպես բարձրարվեստ երաժշտական ստեղծագործություն, հայրենասիրական զգացմունքների դաստիարակումը դեպի հարազատ քաղաքը, Ստեփանակերտի մասին նոր երգերի ստեղծման խրախուսումը: Մրցույթին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք` անկախ քաղաքացիությունից: Մրցույթի յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել օրհներգի /հիմնի/ մեկից ավելի տարբերակներ: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մրցույթի մասնակցության հայտ` համաձայն N1 ձևի և անհրաժեշտ նյութերը` տպագիր և էլէկտրոնային կրիչով: Հայտում նշվում են օրհներգի հեղինակի/հեղինակների/ անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, հասցեն, աշխատանքի վայրը/ուսումնական հաստատությունը/, հեռախոսը և էլեկտրոնային հասցեն: Օրհներգի նախագծի հեղինակը կարող է ներկայացնել օրհներգի պատրաստի նախագիծ` տեքստը և երաժշտությունը համատեղ: Ստեփանակերտ քաղաքի օրհներգն իրենից ներկայացնում է երաժշտական-բանաստեղծական ստեղծագործություն` հայերեն լեզվով, 3-4 րոպե տևողությամբ` նախատեսված նվագախմբային, երգչախմբային և այլ ձայնային ու գործիքային տարբերակներով կատարման համար: Օրհներգի գրական տեքստը պետք է բաղկացած լինի առնվազն երկու բանաստեղծական քառատողից ու կրկներգից, ունենա բարձր բանաստեղծական մակարդակ, հանդիսավորություն, արտացոլի մայրաքաղաքի պատմությունը, նրա առանձնահատկություններն ու ավանդույթները , կրի գաղափարական-հայրենասիրական բնույթ, լինի մատչելի և հիշվող, երաժշտական նյութը պետք է ունենա երաժշտական արտահայտչականություն, հանդիսավորություն, մատչելիություն, գրական տեքստի հետ տոնային և բովանդակային ներդաշնակություն: Մրցույթն անց է կացվում երկու փուլով: Առաջին փուլում օրհներգի տեքստի մրցույթն անց է կացվում մրցույթի մասին հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներով հրապարակելուց` 50/հիսուն/ օրվա ընթացքում: Երկրորդ փուլում ընտրված գրական տեքստի համար երաժշտության մրցույթն անց է կացվում առաջին փուլի ավարտից հետո: Առաջին փուլի ժամկետը լրանալուց հետո հանձնաժողովը մեկշաբաթյա ժամկետում ամփոփում է առաջին փուլի արդյունքները` ընտրելով օրհներգի տեքստը: Երկրորդ փուլի ժամկետը լրանալուց հետո հանձնաժողովը մեկշաբաթյա ժամկետում ամփոփում է երկրորդ փուլի արդյունքները` ընտրելով օրհներգի երաժշտությունը: Եթե ներկայացված ստեղծագործություններից ոչ մեկը հանձնաժողովի կողմից չի ընտրվում որպես օրհներգ, ապա մրցույթը համարվում է չկայացած: Մրցույթի մասնակիցներին կհանձնվեն պատվոգրեր, ինչպես նաև նրանք կարժանանան դրամական պարգևների:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար |
< Վերադառնալ |