15.07.2014   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

Կիսամյակի արդյունքները քաղաքապետը դրական է գնահատում,

բայց բավարար չի համարում

Հուլիսի 15-ին կայացավ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը, որը վարում էր  քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Օրակարգում ընդգրկվել էին մեկ տասնյակից ավելի հարցեր, որոնց ճնշող մասը վերաբերում էր համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանների` նվիրատվության կարգով և ուղղակի վաճառքի ձևով օտարմանը, ինչպես նաև ոչ բնակելի տարածքները`վարձակալության իրավունքով տրամադրելուն:

Նիստում քաղաքային համայնքի 2014թ.բյուջեի 1-ին կիսամյակի կատարման մասին հաղորդումով հանդես եկավ  քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը:

Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2014թ.1-ին կիսամյակի ընդհանուր մուտքերը կազմել են 474056,8 հազ.դրամ` պլանավորված 540738,7 հազ.դրամի դիմաց: Ըստ որում, ընդհանուր մուտքերի 33,0%-ը կազմել են սեփական եկամուտները: Պլանավորված 173615,7 հազ.դրամի դիմաց հավաքագրվել է 156296,8 հազ.դրամ: Շենքերից և շինություններից գանձվող գույքահարկի գծով մուտքերը կազմել են 41255,5 հազ.դրամ, հողի հարկից գանձվող մուտքերը` 3688,4 հազ.դրամ: Փոխադրամիջոցներից մուտքագրվել է 51872,2 հազ.դրամի գույքահարկ, որը կազմում է պլանավորված 55860,0 հազ.դրամի 92,9%-ը: Տեղական տուրքերի գծով մուտքագրվել է 29912,2 հազ.դրամ կամ նախատեսված պլանը կատարվել է 120,7%-ով: Մինչդեռ պետական տուրքերիմասովմուտքագրվել է 7761,6 հազ.դրամ`8610,0 հազ.դրամի դիմաց:

Համայնքի բյուջեի ընդհանուր եկամուտների 67,0 %-ը կազմել է պետական բյուջեից տրամադրվող դոտացիան և սուբվենցիան:2014 թավականի 1-ին կիսամյակի բյուջեի պլանավորված դոտացիայի և սուբվենցիայի գումարը կազմել է 367123,0 հազ.դրամ, որից հատկացվել է 317760,0 հազ.դրամ:

1-ին կիսամյակի բյուջեի կատարման ընթացքում մուտքագրվել է 19682,3 հազ.դրամ: Հողերի վարձակալության մասով համայնքային բյուջեի եկամուտները կազմել են 3267,2 հազ.դրամ: Գույքի վարձակալությունից եկամուտների կատարողականը կազմել է 144,5%կամ նախատեսված 2100,0 հազ.դրամի դիմաց հավաքագրվել է 3035,5 հազ.դրամ: Հողամասերի կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարների մուտքերը կազմել են 3302,4 հազ.դրամ` 1764,0 հազ.դրամի դիմաց /կատարողականը կազմել է 187,2 %/:

Քաղաքային համայնքի 2014թ. 1-ին կիսամյակի բյուջեի ծախսերը ֆինանսավորվել են 483465,4 հազ.դրամի չափով, որը կազմում է պլանավորված 552613,1 հազ.դրամի 87,5%-ը:

Համայնքի ենթակայության կազմակերպությունների գծով 369096,6 հազ.դրամի դիմաց ֆինանսավորվել է 349723,6 հազ.դրամ, ինչը կազմում է նախատեսվածի 94,7 %-ը:

Իր նկատառումները հայտնելով քաղաքային համայնքի բյուջեի 1-ին կիսամյակի արդյունքների վերաբերյալ, քաղաքապետ Ս.Գրիգորյանը դրական գնահատելով վարձավճարների և հարկերի հավաքագրման ու եկամուտների ապահովման ուղղությամբ արձանագրված տեղաշարժերը, միևնույն ժամանակ անբավարար համարեց որոշ հարկատեսակների մասով գումարների հավաքագրման ընթացքը: Նա քաղաքապետարանի համապատասխան բաժինների պատասխանատուներին հանձնարարեց ուսումնասիրություններ կատարել, վեր հանել թերացման և բացթողումների պատճառները, հիմնավորել և կոնկրետ քայլեր ձեռնարկել ստանձնած պարտավորությունների անվերապահ կատարման համար:

Քաղաքային համայնքի ավագանին որոշեց ի գիտություն ընդունել 2014թ. բյուջեի 1-ին կիսամյակի կատարման մասին հաղորդումը:

Մեկ այլ որոշմամբ նիստում համաձայնություն ձեռք բերվեց <<Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու անդամների ծախսերի հատուցման մասին>> որոշման մեջ 9 հազար բառերը` 10 հազար բառերով փոխարինելու վերաբերյալ, ինչը պայմանավորված է 2014թ. հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերություններով: Այլ կերպ ասած, ս.թ. հուլիսի 1-ից քաղաքային համայնքի ավագանու անդամի հատուցման ծախսերն ավելանում է 1000 դրամով:

Ավագանու որոշմամբ համաձայնություն տրվեց համայնքի սեփականություն հանդիսացող մի շարք բնակարաններ` նվիրատվության կարգով, Ստեփանակերտի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքը`ուղղակի վաճառքի ձևով օտարելու, ոչ բնակելի տարածքը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին:

Նիստում քննություն առնվեցին ավագանու անդամների կողմից բարձրացված մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ պարզաբանումներով հանդես եկավ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար