10.07.2014   ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ

Ստեփանակերտի քաղաքապետն ընդունել է Երևանի <<Աջափնյակ>> վարչական շրջանի պատվիրակությանը

 

Մայրաքաղաքներ Երևանի ու Ստեփանակերտի միջև սկզբնավորված համագործակցության համաձայնագրի շրջանակներում շարունակ նորանոր <<կամուրջներ>> են ուրվագծվում` առավել սերտացնելով բարեկամությունը: Հատկանշական է, որ երկու քաղաքապետերի կողմից նախանշված ծրագրերին իրենց անմիջական մասնակցությունն են բերում ոչ միայն Երևանի քաղաքապետարանի հիմնարկություններն ու կազմակերպությունները, այլև վարչական շրջանների ղեկավարները, իրենց իսկ խոսքով, ձեռնարկումներում` հիմք ունենալով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությունները:

Վերջերս <<Արաբկիր>> և <<Կենտրոն>> վարչական շրջանների պատվիրակությունների` Ստեփանակերտ կատարած այցելություններին հաջորդեց հերթականը: Հուլիսի 10-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հյուրընկալել է <<Աջափնյակ>> վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին, նա համոզմունք է հայտնել, որ <<Փոխայցելություններն էլ ավելի են նպաստելու միմյանց լավ ճանաչել և քաջատեղյակ լինել լուծում պահանջող հիմնախնդիրներին, համագործակցության համար բացվելու են նոր ուղղություններ և հեռանկարներ և, որ ամենակարևորն է, լավ աշխատել;ու դեպքում` արդյունքներն առավել շոշափելի են լինելու>>:

Համաձայնելով ստեփանակերտցի գործընկերոջ հետ, Երևանի <<Աջափնյակ>> վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը նշել է, թե կողմերի միջև համագործակցության և բարեկամության հիմքերը դրված են արդեն ու մնում է քայլառքայլ զարգացնել ու ավելի ամրապնդել, ինչին իրենք միշտ պատրաստ են: <<Ինչպես ասում են, Արցախ տանող բոլոր ճանապարհներն անցնում են մայրաքաղաք Ստեփանակերտով: Հետևաբար, բոլորս հաշվետու պիտի լինենք մեր արածների համար և ոչինչ չխնայենք դաժան պատերազմում հաղթանակած մայրաքաղաքն առավել լուսավոր ու բարեկարգ տեսնելու համար>>:

Հանդիպման ավարտին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և  Երևանի <<Աջափնյակ>> վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը խորհրդանշական նվերներ են փոխանակել:

Հյուրերը քաղաքապետ Ս.Գրիգորյանի և քաղաքապետարանի պատասխանատուների ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի <<Սանմաքրում>> ընկերություն և տեղում ծանոթացել կառույցի կողմից քաղաքում իրականացվող աշխատանքներին: Երևանից ժամանած պատվիրակությունը, բնականաբար, դատարկաձեռն չէր ներկայացել հիմնարկություն և ընկերությանը խոտհնձիչ մեքենա նվիրեց:

Այցի հաջորդ կանգառը մայրաքաղաքի համար 1 մանկապատեզն էր, ուր երեխաներն աղուհացով, ուրախ երգ ու պարով դիմավորեցին հյուրերին: Պատվիրակույթյունն այստեղ ևս անակնկալ ուներ պատրաստած փոքրիկների համար` առատ խաղալիքներ և քաղցրավենիքներ էր բերել: Քանի որ մանկապարտեզը ևս խոտհնձիչ մեքենայի կարիք ուներ, որպես նվեր նրան ևս մեկ խոտհնձիչ բաժին հասավ:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար