04.07.2014 ՀՍՏԱԿԵՑՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
Ինչպես արդեն տեղեկացվել է, ս.թ. սեպտեմբերի երրորդ շաբաթ օրը մեր տոնացույցում այսուհետ ամրագրված է որպես քաղաքի /Ստեփանակերտի/ օր: Կապված քաղաքի ավանդական օրվա հետ, սեպտեմբերի 20-21-ը մայրաքաղաքում կանցկացվեն տոնական ամենատարբեր միջոցառումներ: Թե ծրագրի շրջանակներում մշակութային ու մարզական ինչպիսի միջոցառումներ են նախատեսվում կազմակերպել Ստեփանակերտում և ինչպիսի քայլեր են ձեռնարկվում տոնն առավել հետաքրքիր ու հագեցած դարձնելու համար, այդ մասին շահագրգիռ խոսակցություն ծավալվեց հուլիսի 4-ին քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Տոնական հանդիսությունները կմեկնարկեն սեպտեմբերի 20-ին ժամը 11-ին` Ստեփան Շահումյանի հուշարձանին` ծաղկեպսակների տեղադրմամբ: Շահումյանի անվան պուրակում կկազմակերպվեն մարզական տարբեր միջոցառումներ, մասնավորապես կկայանա Հայաստանի և Արցախի նկարիչների գործերի, Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք /ծրագրվում է նաև հուշանվերների ցուցահանդես-վաճառք/: Ժամը 12-ին համաքաղաքացիները միասնական շուրջպարի կհրավիրվեն Շահումյանի անվան պուրակում: Ապա տոնական միջոցառումների մասնակիցները կհրավիրվեն Վերածննդի հրապարկ, ուր կցուցադրվի լարախաղ: Տոնակատարության շրջանակներում կկազմակերպվեն համերգներ` մայրաքաղաքի տարբեր թաղամասերում /Բաղրամյանի անվան պուրակ, ՄՊՍԿ հարակից տարածք, <<Էմբադա>> առևտրային կենտրոնի տարածք և այլն/: Հիշարժան օրվա առիթով քաղաքապետարանի անունից ստեփանակերտցիներին կհղվեն շնորհավորանքներ, կկազմակերպվեն այցելություններ հասարակական մի շարք կազմակերպություններ, <<Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն>> ՓԲԸ: Տոնական միջոցառումները կեզրափակվեն ժամը 19-ին Ստեփանակերտի Շահումյանի անվան պուրակում կայանալիք տոնական համերգով: Խորհրդակցությունում Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը կոնկրետ հանձնարարություններ է տվել տոնական միջոցառումների պատասխանատուներին:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար |
< Վերադառնալ |