05.06.2014   ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔՆՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ

Բուհ կընդունվեն առավել բարձր գիտելիքներ ունեցողները

Միասնական ավարտական և ընդունելության քննությունների մեկնարկը տրվել է հանրակրթական դպրոցներում: Ավագ դպրոցների շրջանավարտները /իններորդցիները/ առաջին քննությունը հանձնել են հայոց լեզու և գրականություն առարկայից: Միասնական ընդունելության քննությունները կայացել են մայրաքաղաք Ստեփանակերտի միակ քննական կենտրոնում, որը տեղակայված է համար 2 դպրոցում: Կենսաբանություն, աշխարհագրություն և ընդհանուր պատմություն առարկաներից ընդհանուր առմամբ քննություն են հանձնել թվով  95 դիմորդներ: Հատկանշական է, որ նրանք նախապես տեղեկացված են եղել միասնական քննաշրջանի ընթացակարգի պահանջներին և քաջ պատկերացում ունեն իրենց առջև ծառացած պարտականությունների մասին, մանավանդ, որ բոլոր կրթօջախներում ամիսներ առաջ կազմակերպվել են փորձնական քննություններ:

Քննական գործընթացին հետևելու համար կենտրոն է այցելել կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, ով հաջողություն է մաղթել դիմորդներին` <<բախտորոշ իրադարձության>> կապակցությամբ ու ծնողների հետ ունեցած հանդիպման ժամանակ վստահեցրել, թե <<քննությունները կլինեն անաչառ և բուհ կընդունվեն նրանք, ովքեր գիտելիքների առումով բացառիկ ընդունակություններ կդրսևորեն և կհավաքեն առավել բարձր միավորներ>>:

Ըստ Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանի, միասնական ընդունելության հաջորդ քննությունը` ամենաբազմաքանակ դիմորդների մասնակցությամբ, կկայանա հունիսի 6-ին: Թվով 5 քննական կենտրոններում 499 դիմորդներ քննություն կհանձնեն հայոց լեզու և գրականություն առարկայից:

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար