28.05.2014 ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Հերթական հյուրը` Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատվիրակությունն է 2012թ. սեպտեմբերին Արցախի մայրաքաղաքում` Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետներ Տարոն Մարգարյանի և Սուրեն Գրիգորյանի կողմից` երկու քաղաքապետարանների բարեկամության համաձայնագրի ստորագրումից հետո, համագործակցության շրջանակներն հետզհետե ընդլայնվում, ավելի են խորանում` ձեռք բերելով նոր որակ: Ասվածի վառ ապացույցն են հանդիսանում ոչ միայն Երևանի քաղաքապետարանի, այլև նրա ենթակայության տակ գտնվող վարչական շրջանների պատվիրակությունների այցերը Ստեփանակերտ, որոնց կազմում ընդգրկվում են ամենատարբեր ոլորտների ու կառույցների պատասխանատուներ: Ընդ որում, յուրաքանչյուր հանդիպում ստեփանակերտցի գործընկերների հետ, որոշակի պայմանավորվածությունների և կոնկրետ ձեռնարկումների առիթ է հանդիսանում, վերածվում գործնական երկխոսության, ինչի արդյունքում ծնունդ են առնում նոր մտահղացումներ, նոր ծրագրեր: Ընդամենը մեկ շաբաթ առաջ Ստեփանակերտի քաղաքապետարանում հյուրընկալվել էր Երևանի Արաբկիր վարչական շրջանի պատվիրակությունը: Եվ ահա մայիսի 28-ին, համագործակցության ուղղությունները հստակեցնելու և ամրապնդելու նպատակով Արցախ է ժամանել Երևանի ևս մեկ վարչական տարածքի` Կենտրոն շրջանի ղեկավար Արա Սադոյանի գլխավորած պատվիրակությունը` Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանի ուղեկցությամբ: Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ջերմորեն ողջունելով հյուրերին և շնորհավորելով նրանց` Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ, համոզմունք հայտնեց, թե խորհրդանշական այցը, որ զուգադիպում է պատմական իրադարձության հետ, բարեկամության սերտացման համար նոր լիցք կհանդիսանա: Քաղաքապետը գոհունակությամբ նշեց համագործակցության շրջանակում արձանագրված այն շոշափելի հաջողությունների մասին, որոնք ձեռք են բերվել անցած ժամանակաշրջանում` համայնքային գույքի կառավարման, հողի և գույքի վարձակալության վարձավճարների հաշվառման, տեղեկատվական համակարգի արդիականացման, օրենսդրական բազայի ուսումնասիրման և նոր նախագծերի մշակման, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Սուրեն Գրիգորյանը հատկապես անդրադարձավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անձնական ձեռնարկումներին, «որոնց հասուն պտուղները` նվիրատվությունների տեսքով այսօր նկատելի են Ստեփանակերտի փողոցներում, պուրակներում և զբոսայգիներում, քաղաքի տեսարժան վայրերում և մարդկանց աչքից չեն վրիպում »: Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով հյուրըկալության և ջերմ խոսքերի համար, Երևանի` Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը վստահեցրեց, որ փոխայցելությունները շարունակական բնույթ կկրեն և հնարավոր բոլոր քայլերը կձեռնարկվեն քաղաքային տնտեսության կառավարման գործում համագործակցությունն առավել արդյունավետ հիմքերի վրա դնելու ուղղությամբ: Նա իր հերթին նույնպես կարևորեց Ստեփանակերտի հետ Երևանի վարչական շրջանների կապերի ամրապնդման անհրաժեշտությունը, «ինչը բխում է Տարոն Մարգարյանի կողմից տեղական կառույցներին առաջադրած ծրագրերի առաջնահերթությունից»: Հանդիպման ավարտին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը խորհրդանշական նվերներ են փոխանակել: Ա. Սադոյանը Ստեփանակերտի քաղաքապետարանին է նվիրաբերել ճարտարապետական ծրագրերով հագեցած ժամանակակից համակարգիչ: Երևանից ժամանած հյուրերը Ստեփանակերտի քաղաքապետի և քաղաքապետարանի անձնակազմի պատասխանատուների ուղեկցությամբ այցելել են հուշահամալիր և ծաղկեպսակ տեղադրել: Նրանք ծաղիկներ են դրել նաև Արցախյան ազատամարտում նահատակված հայորդիների շիրիմներին` խնկարկելով նրանց հիշատակը: «Այցի նպատակն է մեր մասնաբաժինն ունենալ հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների միջև ձևավավորված այն լավագույն ավանդույթների համատեքստում, ինչը ենթադրում է բարեկամությունն ու համագործակցությունն ընդլայնել ամենատարբեր ոլորտներում և ուղղություններում, կատարել փորձի լայն փոխանակություն և, իհարկե, գործնական օգնություն ցուցաբերել միմյանց,- ճեպազրույցի ժամանակ ասաց Ա. Սադոյանը:- Մենք շատ պարտավորված ենք այստեղ ունեցած հանդիպումներից և հետագա այցը` Ստեփանակերտ շատ չի ուշանա» ,- ընդգծեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը` հավելելով, թե Ստեփանակերտի կանաչ գոտիները, քաղաքի արտակարգ մաքրությունը, բնակիչների բարեհամբյուր ժպիտները << ստիպում են կարոտախտով հիվանդանալ և ցանկություն ունենալ վերստին հանդիպելու բարեկամներին>>… Երևանից ժամանած հյուրերը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ անակնկալ ունեին պատրաստած: Վարչական շրջանի արվեստի դպրոցի սաները Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում և Գանձասարում հանդես են եկել համերգային ծրագրով, ինչը երաժշտասերների կողմից արժանացել է ջերմ ընդունելության:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար |
< Վերադառնալ |