22.05.2014   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

Մայիսի 22-ին կայացավ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Օրակարգում ընդգրկված հարցերի զգալի մասը վերաբերում էր քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների` ուղղակի վաճառքի ձևով օտարմանը, վարձակալության իրավունքով տրամադրմանը, ինչպես նաև մի խումբ քաղաքացիների` համայնքի սեփականություն հանդիսացող մի շարք բնակարաններ նվիրատվության կարգով օտարմանը:

Նիստում օրակարգում ներառված հարցերը /նախագծերը/ ավագանու դատին ներկայացրեց քաղաքապետարանի բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնի պետ Կառլեն Գրիգորյանը:

Քաղաքային համայնքի ավագանին իր համաձայնությունը տվեց Ստեփանակերտի համայնքային սեփականություն հանդիսացող 32.78 քառ.մ ընդհանուր մակերեսով, 491700 /չորս հարյուր իննսունմեկ հազար յոթ հարյուր/ դրամ գնահատված արժեքով` Ստեփանակերտ քաղաքի Գր.Լուսավորիչ 16/40 հասցեում գտնվող պահեստի տարածքն ուղղակի վաճառքի ձևով գույքի վարձակալ Ռ. Բաբայանին օտարելու վերաբերյալ: Համաձայնություն տրվեց նաև Ս.Աղաբեկյանին վարձակալության իրավունքով Ս.Դավիթ փողոցի N54 շենքի նկուղային հարկից, պահեստ օգտագործելու նպատակով, 95.76 քառ.մ մակերեսով ոչ բնակելի տարածքը տրամադրելու մասին որոշմանը: Անդրադառնալով վարձակալությամբ տրվող տարածքների հետագա ճակատագրին, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց ստեղծել համապատասխան հանձնաժողով, որը կնքված պայմանագրերի համաձայն, կվերահսկի վարձակալի կողմից ավագանու որոշմամբ ամրագրված պահանջների /այդ թվում` կապված ենթակառուցվածքների բարելավման հետ/ անվերապահ կատարումը:

Հիմք ընդունելով ԼՂՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 16-ի որոշումը, ավագանին  համայնքային սեփականություն հանդիսացող թվով 8 բնակարաններ նվիրատվության կարգով օտարեց մի խումբ քաղաքացիների: Ինչպես նշված է որոշման մեջ, նշված բնակարանների նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո 15-օրյա ժամկետում տվյալ բնակարաններն օգտագործող անձանց հետ կկնքվեն նվիրատվության մասին պայմանագրեր, որոնցում հստակ ամրագրված է, որ պետական գրանցման աշխատանքների կատարումն իրականացվելու է քաղաքացիների միջոցների հաշվին:

Հաշվի առնելով կառույցի ոչ շահավետ գործունեության հանգամանքը, ավագանին որոշեց թույլատրելՍտեփանակերտի քաղաքապետին`<<Վերանորոգման շինարարության տնտեսություն>> փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոս բաժնեմասը` 14 մլնդրամ ընդհանուր արժեքով, ուղղակի վաճառքի ձևով վաճառել Ստեփանակերտ քաղաքի Մ.Բարխուդարյանի 1-ին փակուղի 2 տան բնակիչ Է.Ծատրյանին: Որոշմամբ, գնորդի հետ կնքված պայմանագրի համաձայն, նախատեսվում է ընկերությունում կատարել 20 մլնդրամի չափով ներդրում և բացել առնվազն 10 աշխատատեղ:Նիստում համաձայնություն տրվեցնաև նվիրատվության կարգով <<Ակադեմիկոս Թախթաջյանի անվան Ստեփանակերտի բուսաբանական այգի>> փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ընդունելուն:

Վերջում ավագանու անդամներն արծարծեցին մայրաքաղաքի բնակչության կենցաղային խնդիրներին առնչվող մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ քաղաքապետ Ս.Գրիգորյանը հանդես եկավ համապատասխան պարզաբանումներով:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար