![]() |
03.02.2012 Մամուլի ասուլիս է հրավիրել քաղաքապետը. "Մեր քաղաքի պատմությունն ավելի հին է, քան ոմանք կարծում են"...
![]() ՙՄիասին բարեկարգենք մեր քաղաքը, մեր ընդհանուր տունը և, որպես մեկ ընտանիքի անդամ, սրտացավ լինենք նրա նկատմամբ՚,- ավելորդ չհամարելով համաքաղաքացիներին հիշեցնել իրենց թիվ 1 պարտականության մասին, նախընտրական քարոզարշավի ժամանակ սա էր Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կարգախոսը, ով պաշտոնավարման 100-րդ օրվա կապակցությամբ հանդիպելով լրագրողների հետ, հավատարիմ սկզբունքներին, անդրադարձավ այն խնդիրներին, որոնց ընտրվելու դեպքում, նա խոստացել էր առաջնահերթության կարգով լուծում տալ: ՙԱյսօր, իրոք, եկել է պահը, որպեսզի խոստացածիս մասին հաշվետու լինեմ իմ ընտրողներին և հրապարակայնորեն տեղյակ պահեմ, թե անցած ժամանակահատվածում ինչպիսի որոշումներ եմ կայացրել նրանց կողմից բարձրացված հարցերն ընթացքավորելու ուղղությամբ՚,- ի պատասխան Արցախի հանրային հեռուստատեսության թղթակցի այն հարցին, թե ստանձնելով քաղաքապետի պաշտոնը, որն է եղել նրա ստորագրած առաջին որոշումը, այսպես ձևակերպեց իր միտքը Ս.Գրիգորյանը, ավելորդ չհամարելով համառոտ անդրադարձ կատարել հասարակական հնչեղություն ունեցող խնդիրներին: Որպես արձագանք ստեփանակերտցիների բողոք-պահանջի, բացի տոնական համապետական նշանակության միջոցառումներից, քաղաքապետն ավագանու որոշմամբ մայրաքաղաքում արգելվել են բոլոր կարգի հրավառությունները, ինչը լայն պաշտպանություն է գտել բնակչության շրջանում: ՙՊիտի խոստովանեմ, որ քարոզարշավի շրջանակում ընտրողների հետ ունեցած իմ հանդիպումները (իսկ դրանց թիվը 55-ի է հասնում), քաղաքացիների դիմումներն ու բողոքները ընթացքավորելու առումով, ինձ համար անչափ օգտակար էին: Իմ համոզմամբ Ստեփանակերտի մասին օրենքի ընդունումը, որի նախագիծը գտնվում է մշակման փուլում և նախաձեռնությունը քաղաքապետարանինն է, հնարավորություն կընձեռնի ավելի համակարգված և արդյունավետ պայքարել բոլոր կարգի օրինախախտումների դեմ և մայրաքաղաքը զերծ պահել արատավոր երևույթներից: Իսկ, որպեսզի կարողանանք միասին լուծել մեր առջև ծառացած խնդիրները և դրանց իրագործման ճանապարհին արհեստական խոչընդոտներ չառաջանան, օրինապաշտ պիտի լինի մեզնից յուրաքանչյուրը՚,- կարծում է պարոն Գրիգորյանը` հավելելով, թե անտարբերությունը բոլորիս թշնամին է: Այդ առնչությամբ նա չթաքցրեց իր մտահոգությունը` օրախնդիր ևս մի հարցի շուրջ. անբարեխիղճ քաղաքացիների և հարկատուների մեղքով անցած տարի 32 մլն դրամով թերակատարվել է հարկերի և վարձավճարների հավաքագրման պլանը: Մինչդեռ ապահովման դեպքում, այդ գումարը կարող էր նպատակաուղղվել քաղաքի բազում հոգսերից թեկուզև մեկ-երկուսի թեթևացմանը: Քաղաքապետը նշեց, թե այն հարկատուները, ովքեր նախազգուշացումից հետո կհրաժարվեն կատարել պետության հանդեպ ստանձնած պարտավորությունները, նրանց նկատմամբ կկիրառվեն վարչական պատժամիջոցներ և ընդհուպ դատական ատյաններ կուղարկվեն վիճարկելի հայցերը: Խնդրի վերաբերյալ նա ունի իր հստակ մոտեցումը` առաջնահերթ կընթացքավորեն այն քաղաքացիների դիմումներն ու բողոքները, ովքեր վարձավճարների և հարկերի մասով պարտքեր չունեն: ՙԵթե օգտվել ես բնակշահագործման տնտեսության մատուցած ծառայություններից, ապա պարտավոր ես վճարել. այս պահանջը պարտադիր օրենք պիտի հանդիսանա բոլորի համար՚, - գտնում է Ս.Գրիգորյանը: Օրինականության պահպանման համատեքստում քաղաքապետի ուշադրությունից դուրս չի մնացել բնակչության դժգոհությունն առաջ բերող ևս մի երևույթ. Ստեփանակերտի բնակշահագործման տնտեսությունը, չմատուցած ծառայությունների դիմաց, տարիներ շարունակ բնակիչներից տարբեր վարձավճարներ էր գանձում: Բազմակողմանիորեն ուսումնասիրելով հարցը, քաղաքապետարանը ստիպված էր կասեցնել անհիմն գանձումները և ավագանու որոշմամբ սեփականաշնորհված առանձնատների ավելի քան 600 սեփականատերերի հունվարի 1-ից ազատել վարձավճարներից, չնայած արդյունքում բնակշահագործման տնտեսությունը զրկվել է, այսպես ասած, 7 մլն դրամի ՙեկամուտից...՚: |
< Վերադառնալ |