08.05.2014 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Թանկագին ստեփանակերտցիներ Ուրախ եմ Ձեզ ողջունելու մայիսյան եռատոնի` Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի կապակցությամբ: Մայիսը հայ ժողովրդի պատմության մեջ հայտնի է որպես նվաճումների և հաղթանակների ամիս: 451-ի մայիսին էր, երբ զորավար Վարդան Մամիկոնյանի գլխավորած զորագունդը Ավարայրի դաշտում սկիզբը դրեց այն հերոսամարտի, որի շղթան դարերի միջով ձգվեց մինչև Սարդարապատ, հասավ Բեռլին և Շուշի` ոգեշնչելով հայրենասերների նորանոր սերունդների: Մեր հիշողությունից երբեք չեն ջնջվում մղձավանջային այն ծանր օրերը, երբ Ստեփանակերտը գիշեր-ցերեկ ռմբահարվում, հրետակոծվում էր թշնամու կողմից և բնակչության շրջանում շարունակ աճում էր զոհերի թիվը, սակայն ոչ ոք չէր մտածում մայրաքաղաքը լքելու մասին: Բոլորս մեկ մարդու պես համախմբվել, բռունցքվել էինք, հայացքներս ուղղել դեպի հայոց հինավուրց Շուշի, ու միմիայն մտածում էինք ռազմագործողության հաջող ավարտի, բերդաքաղաքի ազատագրման և ազատամարտիկների անփորձանք վերադարձի մասին: Ու, երևի թե մեր միասնության, զորեղ կամքի և անսասան ոգու շնորհիվ էր, որ հաղթեցինք, Շուշին վերածնվեց և վերստին դարձավ հայկական: Ասել է թե` ստեփանակերտցիներից յուրաքանչյուրը, մեծ ու փոքրով, իր արժանի ներդրումն ունեցավ բաղձալի հաղթանակի նվաճման գործում: Հետագա ավերածություններից վերջապես փրկվեց մայրաքաղաքը, Հայաստանի, աշխարհի համայն հայության զորակցությամբ աստիճանաբար հաղթահարեցինք դժվարությունները և այսօր հպարտորեն, վերակառուցված ու բարեկարգ տեսքով է այն ներկայանում մեզ` աշխարհի տարբեր ծայրերից Արցախ ոտք դրած մեր հայրենակիցներին, հյուրերին: Սիրելի ստեփանակերտցիներ: Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայիսյան եռատոնի առթիվ, մաղթում քաջառողջություն ու երջանկություն, խաղաղություն: Թող աշխատանքում և անձնական կյանքում բոլորիս ուղեկցեն հաջողություններն ու հաղթանակները: |
< Վերադառնալ |