03.04.2014   ԿԱՅԱՑԱՎ ԲԱՆԱՍՏԵՂԾ Հ.ՍԱՀՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՍՄՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՓՈՒԼԸ

Ականավոր բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ասմունքի մրցույթը յուրահատուկ հարգանքի տուրք է նրա պայծառ հիշատակին, որը կազմակերպվում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի աջակցությամբ:

 

 

 Մրցույթի քաղաքային փուլն անցկացվել է Ստեփանակերտի մշակույթի տան դահլիճում, որին մասնակցել են կրտսեր, միջին և ավագ խմբերի երեխաները: Քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պաշտոնակատար Լաուրա Հակոբջանյանի խոսքով, մրցույթի նպատակն է զարգացնել ասմունքի հարուստ ավանդույթները և բացահայտել նոր տաղանդներ, դպրոցականների և երիտասարդների ուշադրությունը սևեռել հայրենի գրականությանը ու նրանց դաստիարակել հայրենասիրական ոգով: Ծրագրում ընդգրկվել են Հ.Սահյանի բոլոր ժամանակների ստեղծագործությունները, ընդ որում, մասնակիցների կողմից ելույթի ժամանակ պարտադիր հնչեցվել են երկուական բանաստեղծություն:

 

 Ասմունքի մրցույթին մասնակցել են ինչպես մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների, այնպես էլ` բուհերի սովորողները` ըստ տարիքային խմբերի: Հանձնախումբը, որը գլխավորում էր բանաստեղծ Դավիթ Միքայելյանը, ձգտել է հնարավորինս  անաչառ լինել ընտրության հարցում, պահանջվող չափորոշիչներին համահունչ  գնահատել մասնակիցների ելույթները և արդար վճիռ կայացնել:

   Ամփոփելով արդյունքները, ակնհայտ է դարձել, որ կրտսերների խմբից մրցանակային առաջին տեղը գրավել է Էդմոն Սարգսյանը, երկրորդ տեղը` Ալիսա Հայրապետյանը, երրորդ տեղը կիսել են դպրոցականներ Լաուրա Ավետիսյանը և Ասպրամ Իսրայելյանը: Միջին խմբում մրցանակները <<բաժանվել>> են հետևյալ կերպ. Մրցույթում հաղթող է ճանաչվել Մանուել  Մաթևոսյանը, երկրորդ տեղը կիսել են Մարինե Աբրահամյանն ու Անի Հարությունյանը, իսկ մրցանակային երրորդ տեղը` Աննա Բաբայանն ու Գերման Հակոբյանը: Ավագ խմբում ասմունքելու բացառիկ շնորքով աչքի է ընկել Բելլա Խաչատրյանը, ում և բաժին է ընկել մրցանակային առաջին տեղը: Երկրորդ <<հորիզոնականում>> հայտնվել է Արմինե Բաղրյանը, իսկ երրորդ տեղը համապատասխանաբար կիսել են Աստղիկ Սողոմոնյանն ու Հասմիկ Բարսեղյանը:

 Այսպիսով, ասմունքի հանրապետական` եզրափակիչ փուլին, որը կկայանա շուտով, մասնակցելու իրավունք են նվաճել թվով 13 սովորողներ: Մրցանակային տեղեր գրավողները կստանան վկայագրեր և դրամական պարգևներ:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար