04.03.2014   ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ավարտվեց 2013-2014 ուս.տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի Ստեփանակերտի քաղաքային փուլը, որը նպատակ էր հետապնդում վեր հանել հանրակրթական առարկաների նկատմամբ հատուկ կարողություններ ունեցող տաղանդավոր և շնորհալի սովորողներին, ինչպես նաև աշակերտների շրջանում հետաքրքրություն առաջացնել գիտության հիմունքների ուսումնասիրման նկատմամբ:

Օլիմպիադայի քաղաքային փուլն անց է կացվել 13 առարկայից /հայոց լեզու, հայ գրականություն, ռուսաց լեզու, օտար լեզու /անգլերեն/, պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, հայոց եկեղեցու պատմություն /ՀԵՊ/, նախնական զինվորական պատրաստություն /ՆԶՊ/, ինֆորմատիկա հ.2 հիմնական դպրոցում` հատկացնելով 3 օր /փետրվարի 12-14-ը ներառյալ/: Ընդ որում, մայրաքաղաքի հանրակրթական դպրոցները օլիմպիադայի դպրոցական փուլի  արդյունքներով քաղաքային փուլին մասնակցելու իրավունք են տվել 360 աշակերտի:

Օլիմպիադային մասնակցած մայրաքաղաքի հ.հ.1, 2, 4, 5, 6, 7, 8, 9, 10 հիմնական հ.3 միջնակարգ, հ. 8 և հ.11 ավագ դպրոցների, ֆիզմաթ դպրոցի և ռազմամարզական վարժարանի 335 դպրոցականներից 99-ը գրավել են մրցանակային տեղեր և ցուցաբերել ակտիվ մասնակցություն: Մասնակիցներից 59-ը գրավել են մրցանակային 1-3-րդ տեղերը, իսկ 40 աշակերտներ ճանաչվել են օլիմպիադայի ակտիվ մասնակիցներ:

Ըստ քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանի, մրցանակային 1-ին տեղ գրավել են 6 աշակերտ` 4 առարկայից /հայոց լեզվից` 1 աշակերտ /հ. 11 դպրոց/, ռուսաց լեզվից` 2 աշակերտ /հ.3/, մաթեմատիկայից` 1 աշակերտ /ֆիազմաթ/, ՆԶՊ-ից` 2 աշակերտ /հ.հ.10, 11/:  2-րդ տեղ գրավել են 20 աշակերտներ` 9 առարկայից, իսկ 3-րդ տեղ` 33 աշակերտ:

Ավագ և միջնակարգ դպրոցներից 1-4-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են հ. 11, հ. 3 և հ. 8 դպրոցները: Հիմնական դպրոցներից 3 առարկայից բարձր ցուցանիշներ ունեն հ. 5 և հ. 1 դպրոցների աշակերտները, հ.հ.7, 10 դպրոցների և ռազմ.վարժարանի մասնակիցները 1-ական առարկայից ունեն 3-րդ տեղ: Հ. հ. 2, 4, 6, 9 հիմնական դպրոցները չունեն ոչ մի շոշափերի արդյունք: Մասնակիցներից շատերը` թվով 111 աշակերտ չեն կարողացել  հաղթահարել նվազագույն շեմային միավորը /8 միավոր/:

Սկսված է դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլը, որը կտևի մինչև մարտի 11-ը: Մայրաքաղաքի դպրոցներից 13 առարկայից օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցելու իրավունք է վերապահվել 108 աշակերտի:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար