03.03.2014 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՋՐԱՏԱՐ ԲԱՔԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ
Քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանի նախագահությամբ կայացավ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը: Օրակարգում մասնավորապես ներառված էին ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին, <<Ստեփանակերտի շտապ բուժօգնության կայան>> ՓԲԸ-ին Ա.Հեքիմյան փողոցի թիվ 11/90 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքը, Ա.Հեքիմյան թիվ 11/9-18 հասցեում գտնվող ավտոտնակներն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու և Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու 2004թ. ապրիլի 14-ի թիվ 11/3 որոշումն ուժը կորցնելու, համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանային ֆոնդից թվով 3 քաղաքացիների նվիրատվության կարգով բնակարաններ օտարելու, բազմաբնակարան շենքերի տանիքներում, մուտքերում և նկուղներում ջրատար բաքերի տեղադրումն արգելելու մասին և այլ հարցեր: Ավագանու անդամների հավանությանն արժանացավ ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին որոշման նախագիծը, որը ենթադրում է Ստեփանակերտի քաղաքային համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից 405 հազար դրամ գումար հատկացնել Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու անդամներին` 2014թ. 1-ին եռամսյակի ծախսերի փոխհատուցման նպատակով: Հաջորդ օրակարգային հարցը, որը ներկայացված էր նիստի քննարկմանը, առնչվում էր <<Ստեփանակերտի շտապ բուժօգնության կայան>> ՓԲԸ-ին Ա.Հեքիմյան փողոցի թիվ 11/90 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքը, Ա.Հեքիմյան փողոցի թիվ 11/9-18 հասցեում գտնվող ավտոտնակներն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու և Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու 2004թ. ապրիլի 1-ի թիվ 11/3 որոշումն ուժը կորցրած ճանաչելու հետ: Շահագրգիռ քննարկումների արդյունքում ավագանին տվեց իր համաձայնությունը` մայրաքաղաքի Ա.Հեքիմյան փողոցի թիվ 11/90 հասցեում գտնվող ոչ բնակելի` 355,49 քառ.մ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել <<Ստեփանակերտի շտապ բուժօգնության կայան>> ՓԲԸ-ին` միմիայն նպատակային օգտագործման նպատակով: Նիստում ընդունվեց որոշում` թվով 3 քաղաքացիների համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանային ֆոնդից իրավունքի պետական գրանցում իրականացնել նվիրատվության կարգով` քաղաքապետարանի հետ կնքելով համապատասխան պայմանագիր` նախատեսելով, որ հիշյալ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումն իրականացվելու է քաղաքացիների միջոցների հաշվին: Օրակարգում ընդգրկված վերջին հարցը բազմաբնակարան շենքերի տանիքներում, մուտքերում և նկուղներում ջրատար բաքերի տեղադրումն արգելելու մասին էր: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ԼՂՀ օրենքով և հիմք ընդունելով ԼՂՀ փրկարար ծառայության և ԼՂՀ առողջապահության նախարարության ՊՀՀՏ <<Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն>> ՊՈԱԿ տնօրենների գրություններն ու ելնելով քաղաքացիների առողջության պահպանման և գույքի վնասները կանխելու անհրաժեշտությունից` Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին որոշեց արգելել բազմաբնակարան շենքերի տանիքներում, մուտքերում և նկուղներում ջրատար բաքերի տեղադրումը և դրանց միացումը շուրջօրյա ջրամատակարարման ներքին ցանցին: Սույն որոշմամբ բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերը պարտավորվում են իրականացնել նախկինում տեղադրված ջրատար բաքերի` գործող շուրջօրյա ջրամատակարարման ներքին ցանցից անջատման աշխատանքներ` եռամսյա ժամկետում: Ավագանու անդամների կողմից այլ հարցերի շրջանակներում բարձրացվեցին մայրաքաղաքի փողոցների ու բակերի բարեկարգման, բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման աշխատանքների կանոնակարգմանն առնչվող և այլ բնույթի հարցեր:
Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար
|
< Վերադառնալ |